tert.am: Եթե պաշտոնապես փաստարկվի, որ Գագիկ Ծառուկյանը պետք է մանդատը վայր դնի, դրա մեջ ողբերգություն չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լոռու նախկին մարզպետ, քաղաքագետ Վիգեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացված հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ ուղարկելուն և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հորդորին, որ պետք է սպառիչ պարզաբանումներ ներկայացվի՝ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Պիտի գործի մայր օրենքը: Իսկ օրենքն էլ արգելում է, որ ձեռներեցը լինի պատգամավոր: Գագիկ Ծառուկյանը հիմա պետք է ընտրի: Իրենք ասում են, որ ըստ թղթերի՝ ձեռներեցությամբ չի զբաղվում: Հիմա թղթերի ժամանակը անցել է, պետք է ասվածը իրական լինի: Թուղթը՝ թուղթ, բայց բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործարարությամբ է զբաղվում, ինչ է՝ ձեռ ե՞ն առնում»,-ընդգծեց քաղաքագետը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը սեփականատեր է, և այժմ այդ մասին պարբերաբար հիշեցնում են ԲՀԿ-ականները, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Մենք սովոր չենք օրենք կատարելուն, Նիկոլ Փաշինյանն էլ երևի հոգնեց՝ ասելով, որ օրենքը ինքը չէ: Ֆորմալ առումով սեփականատեր է՝ հայտարարել է, որ հավատարմագրային կառավարման է հանձնել, ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում: Ստեղ ի՞նչ կապ ունեն Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը»»: