eb9c5d58b128fb9af4923dc9be55a3e2.jpg

Ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Տնտեսական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն են։ Այսօր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսություն է, որը դրված է դրանց հիմքում։

«Այդ գաղափարն ու գաղափարախոսությունը մենք անվանում ենք անհատի վերափոխում։ Շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է այն քաղաքական փոփոխությունների, որոնք ՀՀ-ում տեղի ունեցան։ Հեղափոխությունից առաջ ինչ կարող է անել ՀՀ քաղաքացին փիլիսոփայական հարցի պատասխանը բոլորիս հայտնի է՝ ՀՀ քաղաքացին ոչ մի բան չի կարող անել, բայց եթե կարող էր անել, ապա շատ սահմանափակ ու հովանավորությամբ։

Այս համակարգում ովքեր էին, որ կարող էին անել ինչ-որ բան, դրանք էլիտայի անդամներն էին, գրեթե կիսաստվածներ, ովքեր կարող էին որոշել մարդկային ճակատագրեր։ Այժմ ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քանի որ նրա օրինական, ստեղծարար գործողությունների հնարավորությունը սահմանափակված չէ»,- ասաց Փաշինյանը։

«Այսօր մեր հիմնական խնդիրը հետևյալն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են։ Մարդիկ երբեմն չեն ցանկանում հավատալ իրենց տեսածին, չեն ուզում հավատալ իրենց լսածին, երբեմն «դաբռոների կարիք ունենք։ Տնտեսության մեջ ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն