«Աստված չանի՝ մի դեպք լինի, բոլորը կասեն՝ ո՞ւր էր Կառավարությունը». Երևանի քաղաքապետին նոր լիազորություն վերապահվեց |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լիազորեց Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով ձեռքբերող ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

«Երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիները ստանան համարժեք բնակարաններ: Հիմա կոնկրետ այդ հարցով նախագիծ է ձևավորվել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ Երևանում կա չորրորդ կարգի վթարային 13 բազմաբնակարան շենք, երրորդ կարգի վթարային՝ 100-ից ավելի շենք։

«Պարզ մի բանաձև ենք առաջարկում հիմնական կառուցապատողներին, ովքեր ունեն հնարավորություն և պատրաստ են ներգրավվել։ Առաջարկում ենք այս շենքերի բնակիչների հետ բանակցություններ վարել, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ վթարային շենքերի փոխարեն նոր շենք կառուցել, ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը, և բնակիչների հետ պայմանավորվածություններ ունենալ: Մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում կամ այլ տեղ բնակարան հատկացնել, գումար տալ։ Այսինքն՝ բոլոր հնարավորությունները բաց ենք պահում»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարն էլ, անդրադառնալով մայրաքաղաքի վթարային շենքերի խնդրին, նշեց, որ 4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, և սա մեծ սպառնալիք է բոլորիս համար. «Աստված չանի՝ մի դեպք լինի, բոլորը կասեն՝ ո՞ւր էր Կառավարությունը։ Այս հարցերը պիտի արագ լուծվեն: Պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք ստանան նորակառույց շենքում բնակարան՝ համարժեք բնակմակերեսով։ Դրական մթնոլորտ է պետք ստեղծել ծրագրի շուրջ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով