Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ջուզեպպե Ձաֆուտոն։
«Երկխոսությունը լարվածության սրումը կանխելու բանալին է։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին՝ վստահության ամրապնդման միջոցներով»,- նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: