azatutyun.am: Եթե ԱՄՆ-ը Patriot հրթիռային համակարգեր փոխանցի Ուկրաինային, դա կլինի հերթական սադրիչ քայլը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Այս մասին երեկ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը:
«Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա մենք ականատես կլինենք վարչակազմի հերթական սադրիչ քայլին, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»,- ասված է հայտարարությունում:
«Զենքի հոսքն աճում է, ուկրաինացի զինվորականների պատրաստումն ընդլայնվում է, Ուկրաինայի զինված ուժերը ստանում են հետախուզական տվյալներ: Ավելի ու ավելի հաճախ է քննարկվում մարտական գոտի ամերիկացի զինվորական մասնագետներ ուղարկելու հարցը: Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներ են առճակատմանը մասնակցում որպես վարձկաններ»,- նշել է ՌԴ դեսպանությունը։
«Վաշինգտոնի այս գիծը ոչ միայն հսկայական վնաս է հասցնում ռուս – ամերիկյան հարաբերություններին, այլ նաև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում գլոբալ անվտանգության համար: ԱՄՆ-ն է պատասխանատու ուկրաինական հակամարտության երկարաձգման և սրման համար»,- ասված է հաղորդագրությունում։
Օրերս CNN-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստվում է Patriot զենիթահրթիռային համակարգեր փոխանցել Ուկրաինային, և որոշումը կարող է ընդունվել այս շաբաթ: