Ռուբեն Վարդանյանը հույս է հայտնել, որ Արցախին կհաջողվի օդային միջանցքով բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հույս է հայտնել, որ Արցախի իշխանություններին կհաջողվի օդային միջանցքով բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում։ Այս մասին նա ասել է ռուսական «Коммерсант»-ին տված հարցազրույցում։

«Մենք դեռ ունենք էլեկտրականություն և հեռախոսակապ, բայց հեռու չէ այն պահը, երբ կարող ենք դրանցից էլ զրկվել։ Հիմա 120 հազար մարդ, որից 30 հազարը՝ երեխա, բառացիորեն կտրված է ամեն ինչից։ Բայց, միևնույն ժամանակ, մեզ մոտ ամեն ինչ աշխատում և գործում է, կա աննկուն կամք՝ հաղթահարելու ամեն ինչ»,- նշել է նա։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ իրենք կառուցում են մի համակարգ, որպեսզի բնակչությանը ապահովեն այն ամենով, ինչն անհրաժեշտ է լիակատար շրջափակման պայմաններում․ «Անհրաժեշտ է, որ օդանավակայանը գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որ մարդասիրական միջանցք հայտնվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին թռչել Արցախ։ Սա մեզ՝ որպես համայնքի այստեղ պահպանելու կարևոր պայման է։ Որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն»։

Իսկ օդանավակայանն, ըստ Արցախի պետնախարարի, լիովին գործում է։

Անդրադառնալով ճգնաժամը հաղթարահելու նպատակով Բաքվի հետ հնարավոր փոխգործակցությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է․ «Ադրբեջանը պետք է հասկանա, որ Արցախը պետք է ճանաչվի որպես բանակցային կողմ։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ կարելի է քննարկել։ Այստեղ մարդկանց բազմություն չի ապրում․ սա երկիր է, սա պետություն է, կան ինստիտուտներ, խորհրդարան, կառավարություն, նախագահ, հասարակական կազմակերպություններ։ Պետք է նստել և բանակցել․ այլ տարբերակ չկա»։

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն