tert.am: Կալանավորվել է Հայաստանի ԶՈւ ԳՇ հետախուզության նախկին պետը: Լուրը Tert.am-ին հաստատեցին Գլխավոր դատախազությունից:
Կալանավորվողը 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն է՝ 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ԶՈւ Գեղարքունիք ներթափանցելու քրեական գործով մեղադրյալը։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:
2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):