58f69b735e03d70e62b9cbddb6763222.jpg

Այնպես չէ, որ տեղյակ չենք, թե ինչով են զբաղված եղել ԱԱԾ աշխատակիցներն իրենց բնակության վայրերում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։

-Պարոն Սաքունց, օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հորդորել է չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ, որը, նրա խոսքով, հասարակության շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերել: Նա ասել է, որ որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձել վախեցնել: Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում ԱԱԾ-ի շուրջ ստեղծված աղմուկը։

-Ինձ համար տարօրինակ են այդ մարմնի վերաբերյալ հարցադրումները, քննադատական մոտեցումները, ընդհուպ նաև սարկազմով հարցադրումները որպես սպառնալիք ընկալելը։ Դա նշանակում է, որ այդ մարմնի ղեկավարն իրապես չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Այսինքն՝ ինքն այնքան է, այսպես կոչված, երևում որպես թավշյա հեղափոխության արդյունքում փոփոխված տրամաբանության կրողը, քանի դեռ բարեհաճ են այդ մարմնի և դրա ղեկավարի գործողությունների նկատմամբ։ Պետք է հիասթափեցնեմ պարոն Վանեցյանին և ասեմ, որ որևէ պետական մարմնի ղեկավար նման սպառնալիքի տոնով ոչ միայն չի կարող հեղափոխության արդյունքում ձևավորված տրամաբանության արդյունքում մտածել, որ կարող է վերաբերվել ՀՀ քաղաքացիներին, այլ նույնիսկ հրապարակային նման տոնով սպառնալ ՀՀ քաղաքացիներին նրանց քննադատական հարցադրումների կամ կարծիքների վերաբերյալ։ Պարոն Վանեցյանը պետք է գիտակցի, որ տրամաբանություն է փոխվել, պետք է գիտակցի, որ ինքը ղեկավարում է մի կառույց, որի գործունեության իրականացման վերաբերյալ իր կառույցի վիճակի, փոփոխությունների, բարեփոխումների վերաբերյալ բացարձակ ոչ մի տեղեկատվություն հանրությունը չունի։ Պարոն Վանեցյանը պետք է գիտակցի, որ հանրային ընկալումներում ԱԱԾ-ն որքան էլ փորձի այլ մարդկանց, այլ քաղաքացիների, այլ կառույցների կոռուպցիոն հանցագործությունների ուղղությամբ գործողություններով արդարացնել այդ կառույցի նշանակությունը, ինքը գոնե մեկ փաստ չի կարող ներկայացնել հրապարակավ, որով կարող է արդարանալ, թե մաքուր են կոռուպցիոն սխեմաներից, որոնք գործել են, իր իսկ խոստովանությամբ, ԱԱԾ-ում մինչև թավշյա հեղափոխությունը։ Ինքը չի որոշողը՝ հարմա՞ր է դրանց մասին հայտելը, թե ոչ։ Ինքը պարտավոր է իրազեկել այդ մասին, առանց որի որևէ վստահություն ունենալ, թե ԱԱԾ-ն իրապես փոխել է իր բովանդակությունը, բնույթը, գործիքակազմը, մոտեցումները, չենք կարող ունենալ։

Պարոն Վանեցյանը չարաչար սխալվում է, որ ինքն անձեռնմխելի է։ Ինքը մոռանում է, որ դա ՀՀԿ-ի տարիների անվտանգության ծառայությունը չէ, առավել ևս ԽՍՀՄ ԿԳԲ-ի բնույթի անվտանգության ծառայությունը չէ։ Ինքը մոռանում է, որ մեր աչքի առաջ են գործել ԱԱԾ-ի տարածքային ստորաբաժանումները և նրանց ղեկավարները։ Ինքը մոռանում է, որ մենք ոչ թե Ռուսաստանում կամ Հյուսիսային Կորեայում կամ Ադրբեջանում ենք ապրում, այլ ապրում ենք Հայաստանում։ Այնպես չէ, որ տեղյակ չենք, թե ինչով են զբաղված եղել ԱԱԾ աշխատակիցներն իրենց բնակության վայրերում. Բիզնեսներ, խանութներ, գազալցակայաններ, կոռուպցիոն հանցագործություններ, գործ կարել ու սարքել։ Ինքը պարտավոր է այդ ամենի մասին ներկայացնել տվյալներ, թե ինչ է արել ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և դրանց մեջ մասնակից անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ԱԱԾ-ն և քաղաքական կոռուպցիայի, և տնտեսական կոռուպցիայի մեջ, և ապօրինի քրեական գործերի հարուցմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ է մասնակից եղել։ Մինչև հիմա նախկինում կատարված հանցագործությունների և դրանցում պատասխանատու անձանց մասին որևէ տվյալ չի ներկայացրել։ Եթե ինքը մտածում է, որ բոլորով պետք է զբաղվի, իսկ իր ղեկավարած կառույցով ոչ մեկն իրավունք չունի զբաղվելու, չարաչար սխալվում է։ ԱԱԾ-ն պետք է լինի հաշվետու, և պարոն Վանեցյանը ոչ թե ինքը որոշի, թե հարկ չենք համարել. բայց Դուք եք որոշելո՞ւ, որ հարկ համարեք, կամ չհամարե՞ք։ Այդքանից հետո որոշում եք, թե մյուսները կոռուպցիոն հանցագործություններ են կատարում կամ չեն կատարո՞ւմ։ Ես հստակ ասում եմ, որ պարոն Վանեցյանը, երբ հայտարարեց 2018-ի ապրիլից առաջ գործերի կարման մասին, քանի դեռ այդ կարված գործերի մասին տեղեկատվություն չի տրամադրել, թե ինչ է արել այդ գործերը սարքողների ու կարողների բացահայտման ուղղությամբ, մենք որևէ հիմք չունենք վստահելու նրա անաչառությանն ու օբյեկտիվությանը։ Առանց այդ տեղեկատվության ներկայացման վստահություն չի կարող լինել։ Իսկ այլոց գործողությունների, կամ այլոց գործողությունների մասին այսպես կոչված տեղեկատվության տարածումը չի ավելացնում վստահությունն իր կառույցի նկատմամբ։

Շարունակությունը կարդացեք lragir.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն