Խոսքը ոչ թե հարկերի հավաքագրման թերակատարման մասին է, այլ՝ հարկային պոտենցիալի հաշվարկման. ՊԵԿ նախագահ

aysor.am։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ ապրիլի 18-ին կառավարության նիստում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մի հայտարարությանը, որը մամուլում աղմուկ էր առաջացրել։

Նշենք, որ այսօր թերթերից մեկը գրել էր, թե «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ 2018-ին պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար կամ 438 մլն դրամ»։

«Ես կառավարության նիստի տեսագրությունը նայել եմ: Կա երկու ցուցանիշ, կուզեմ, որ դուք իմանաք: Կա հարկային ծախս հասկացություն և կա հարկային պոտենցիալ: Հարկային ծախսը դա այն գումարն է, հանրագումարային այն մեծությունն է, որ հարկային օրենսդրությամբ տրված արտոնությունների պատճառով այդքան թերի են հավաքագրվում պետական բյուջեի եկամուտները:

Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտն, ունենալով արտոնություն, հարկեր չի հավաքագրվում այդ ոլորտից: Կարծում եմ, որ պարոն Ջանուղազյանը… Դուք կարող եք պետական բյուջեի ուղերձ-բացատրագրում նայել, տեսնել, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ դրամ: Հավանաբար խոսքը դրա մասին է եղել, պարոն Ջանջուղազյանը հարկային պոտենցիալ, հարկային ծախս հասկացությունները շփոթել է», – ասաց Անանայանը:

ՊԵԿ նախագահը շեշտեց, որ խոսքը ոչ թե հարկերի հավաքագրման թերակատարման մասին է, այլ՝ հարկային պոտենցիալի հաշվարկման:

«Ֆինանսների նախարարությունը հարկայն պոտենցիալի վերաբերյալ մի հաշվարկ արել, ներկայացրել էր կառավարություն, մենք բոլորս մեր դիրքորոշումը հայտնել էինք դրա վերաբերյալ։ Մեր մտահոգությունների, արգումենտների մեծ մասը ընդունվել է նախարարության կողմից», – հավելեց ՊԵԿ նախագահը։

Գումարը, ըստ Անանյանի, կարող է կորել այն դեպքում, երբ որևէ ոլորտի արտոնություն է տրվում։

«460, 440, 430 մլրդ դրամ հարկային ստվեր կամ այդպիսի հարկային պոտենցիալ գոյություն չունի», – հավելեց Անայանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով