47eab52e08e4f0bf77e443f3fb8dc3d4.jpg

Առաջարկվող փոփոխություններով մեծացվում է խոշոր բիզնեսի հնարավորությունը․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը՝ նշելով, որ քննարկվում է հանրային դաշտում երկար քննարկված մի նախագիծ, որի հիմքում կառավարության բերած հիմնավորումները ներդրումային գրավչության և ազգային տնտեսության մրցունակության բարձրացման շատ սուր քննադատության են արժանացել հանրային, փորձագիտական քննարկումներում, կարելի է ասել՝ ջախջախվել են։

«Հարցին մոտենալու եմ այլ տեսանկյունից․ ընդունելով կամ մերժելով այս փոփոխությունները ըստ էության վեկտոր ենք հաղորդում հեղափոխության հետագա ընթացքին։ Այս որոշումը ուղերձ է լինելու ՀՀ քաղաքացիներին, թե ում վրա ենք հույս դնում տնտեսական հեղափոխության գործում, ում հնարավորություններն ենք մեծացնում, ում վրա ենք դնում բյուջեն լցնելու բեռը, ում ենք դուխ տալիս, երբ ասում ենք «դուխով»։

Առաջարկվող փոփոխություններով մեծացվում է խոշոր բիզնեսի հնարավորությունը։ Եվ սա ուղերձ է առ այն, որ մենք տնտեսական հեղափոխության հիմնական գործընկեր ենք դիտարկում խոշոր բիզնեսին։ Այնինչ խոշորների հնարավորությունները մեծացնելով բյուջեում առաջանալիք ճեղքը առաջարկվում է լրացնել առավել ցածր եկամուտներ ունեցող մարդկանց հաշվին։ Եվ այստեղ մի ընկալում կա, թե դա պիտի հանգեցնի տնտեսական հեղափոխության, և այդ մարդիկ վայելեն էդ հեղափոխության պտուղները։ Սա հիպոթեզ է։

Պարոն Պողոսյանն այս ամբիոնից խոսում էր, որ քաղաքական պատասխանատվության խնդիր չկա, քաղաքական պատասխանատվությունը ստանձնված է, մենք իրար հանդեպ արդար ենք։ Պիտի խնդրեմ Ձեր եզրափակիչ ելույթում այդպես արդար ու քաղաքական պատասխանատվությունը կրելով՝ պարզ պատասխանեք մի հարցի։ Այսօր մենք ժամերով խոսում ենք, մինչդեռ քաղաքացիներին երկու րոպեանոց տեքստ է հետաքրքիր։ Շատ լավ է՝ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար լավ պայմաններ ենք ստեղծում։ Որևէ մեկը դեմ չէ, որ քաղաքացին մի մակարդակ ավելի բարձր սոցիալական պայմաններում ապրի, բայց այն 400 հազար մարդկանց, որոնք ստանում են 150 և դրանից ցածր աշխատավարձ, մի հարց է հետաքրքիր՝ ի վերջո, այս փոփոխությունների ընդունման պայմաններում իրենց համար կյանքը լավանալու՞ է, թե՞ վատանալու։ Եվ եթե ժամանակավորապես վատանալու է, հետո լավանա, ապա այդ ժամանակավորապեսն ինչքա՞ն ժամանակ է։ Այս հարցին մի պարզ պատասխան է պետք։

Շեշտը դնելով փոքրաթիվ խոշոր ձեռնարկությունների վրա՝ պետությունը կախվածության մեջ է հայտնվում այդ ձեռնարկություններից։ Ու սա տնտեսագիտական հայտնի գրքերից մեջբերում չէ, այլ մի իրողություն, որին անցած շաբաթ ականատես եղաք այս դահլիճում ցեմենտի հարցով, քսան օր առաջ գյուղմթերքի արտահանման հարցով։ Մինչդեռ երբ մենք խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, մենք առաջինը խոսում ենք այդ խոշոր ձեռնարկատերերի կողմից պետությանը հայտարարվող պատերազմներում քաղաքացուն խաղաքարտ դառնալուց զերծ պահելու մասին, քաղաքացուն ազատագրելու, նրան դուխ տալու մասին։

Պարոն Անանյանն ասում է՝ էստեղ մենք 18 տարբերակ ենք քննարկել, վերջում հանգել ենք նրան, որ սա ամենալավն է։ Հավաքվել եք ձեզ համար, կառավարության սենյակներում քննարկել եք, որոշել եք՝ որն է ամենալավ տարբերակը, վերջում եկել եք այդ մի տարբերակով, փորձագետները ձեզ հարցեր են տալիս, շատ կարևոր հարցերի հաշվով ազդեցության գնահատականներ չկան։ Ընդ որում՝ այստեղ ձեզ առանձնապես չեմ մեղադրում․ ընդհանուր փորձը երբ ուսումնասիրում ես, համահարթը ամբողջ աշխարհում հիմնվում է ինչ-որ «ազնիվ խոսք»-երի վրա։ Յուրատեսակ ալքիմիա է տնտեսագիտության մեջ։

Իմ ձեռքի տակ քվեարկության կոճակ չկա, քաղաքացին ինձ այդպիսի մանդատ չի տվել։ Ստացվել է այնպես, որ բոլորի համար կարևոր այս հարցի շուրջ դուք՝ քչերդ եք որոշելու հարգելի պատգամավորներ։ Ես, չդավաչանելով ուղիղ ժողովրդավարության հանդեպ իմ անմնացորդ հավատը և հույս ունենալով, որ մի օր մենք այսպիսի համընդհանուր կարևորության հարցերն այդ մեթոդով կորոշենք, հարգում եմ սահմանադրական ձեր այդ իրավունքը՝ լիբերալ ե՞ք, համահա՞րթ եք ուզում, դրա՞ն եք հավատում՝ դա արեք։ Բայց գոնե չհարկվող շեմեր սահմանեք, ծախսերի գծով նվազեցումներ սահմանեք կրթության, պարենի համար, որ մարդիկ գոնե մինչև հաջորդ ընտրություններ դիմանան, տեսնեն՝ ինչ է լինելու։

Մեր խնդիրը ի վերջո համահարթի ու պրոգրեսիվի մեջ չէ՝ մեր խնդիրը ստեղծվող արդյունքի արդար վերաբաշխման մեջ է։ Եվ ես հույս ունեմ, որ սա պտիչկայի համար քննարկում չէ, այլ իսկապես այստեղ հնչող հարցերի վերաբերյալ դիրքորոշումներում փոփոխություններ կունենանք»,-ասաց Միքայել Նահապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն