803237a3c55438a781331cfcb004ccce.jpg

«Խադավիկի» մոտ սպասարկվելու ժամանակ այդ ինչպե՞ս է հարկային մարմինը արդյունավետ վարչարարություն իրականացնելու․ Նաիրի Սարգսյան

Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումերի ընթացքում ելույթ ունեցավ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։ Նա իր խոսքում մասնավորապես նշեց․

«Հարկային օրենսդրությունը և հարակից օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը պետք է ուղղված լինեն ՀՀ տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանը։ Հարկավոր է փոփոխություններից ակնկալել, որ դրանք կբարելավեն գործարար և ներդրումային միջավայրը, կբարձրացնեն ազգային տնտեսության մրցունակությունը, կնպաստեն արտահանմանը միտված արտադրությունների զարգացմանը, տնտեսական զարգացման համար կապահովեն կայուն նախադրյալներ, տնտեսական զարգացման համար կսահմանվեն համարձակ և հավակնոտ նպատակներ, ինչպես նաև ուղղված կլինեն աղքատության կրճատմանը։ 

Սակայն, ստիպված ենք արձանագրել, որ ներկայումս շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը աղերս չունի վերոնշյալ նպատակների հետ։ 

Նախագծով ներկայացվում է արտոնագրային հարկի վերացում։ Անանյանը ճիշտ նշեց․ սա արդարության սկզբունքի հիմնասյունն է, բայց հարկավոր է, որ համակարգային մոտեցմամբ վերաբերվենք փոփոխություններին։ Այսինքն՝ երբ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս ֆինանսների նախարարությունը, և կառավարությունում քննարկվել է այս նախագիծը, ապա ի՞նչ վարչարարական երաշխիքներ են տրամադրվում, որ հնարավոր է արդյունավետ վերահսկողություն իրականացնել այս ոլորտում գործող սուբյեկտների նկատմամբ։ Ուզում եմ անպայման հնչեցնենք՝ արտոնագրային հարկի համակարգում որ սուբյեկտներն են աշխատում՝ թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրումներ, ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրում, վարսավիրական ծառայությունների մատուցում, ավտոտեխսպասարկման կայանների գործունեություն և այլն։ 

Հիմա պարո՛ն Պողոսյան, ընթացագործի՝ բոլորիս հայտնի խադավիկի մոտ սպասարկվելու ժամանակ այդ ինչպե՞ս է հարկային մարմինը արդյունավետ վարչարարություն իրականացնելու, որ ամբողջ եկամուտները հայտարարագրվեն և ստվերային տնտեսությունը բերվի սպիտակ դաշտ։ Ո՞ւր են այդ երաշխիքներն ու ձեր մեկնաբանությունները։ Դրանք գոյություն չունեն։

Միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրման վերաբերյալ․ ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից տեղափոխվելով միկրոձեռնարկատիրական համակարգ՝ բաց են թողնված բավականին շատ ծառայության մատուցման ոլորտներ։ Ուզում եմ անպայման շեշտել՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ մենք փորձագիտական, գիտահետազոտական, փորձարարական-տեխնոլոգիական աշխատանքներ իրականացնող ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը ստորադասում ենք Երևան քաղաքից դուրս աշխատող առևտրականներից։

Տնտեսական աճ ենք ուզում արձանագրել և խրախոuսում ենք առևտու՞րը։ Չեմ կարողանում հասկանալ։ Մենք գրություն էինք ուղարկել և՛ ֆինանսների նախարարությանը, և՛ ՊԵԿ-ին, և՛ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, որ անպայման պետք է կազմակերպել քննարկումներ ու խորքային ուսումնասիրություններ իրականացնել այս դաշտում։

Հաջորդ փոփոխությունը․ ինչպես Անանյանն իր խոսքում նշեց, Հարկային օրենսգիրքը պետք է փոփոխության ենթարկվեր երեք փուլով՝ հրատապ լուծում պահանջող հարցեր, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։ Առնվազն վեց հարց մենք ենք ներկայացրել, որոնք հրատապ լուծում պահանջող հարցեր են, և նախագծում տեղ չեն գտել։ Մենք ներկայացրել ենք, որ փոխարժեքն այսօր և՛ արտասահմանյան ներդրողների, և՛ տեղում գործող սուբյեկտների համար առաջացնում է մեծ խնդիրներ, բայց փոխարժեքի վերաբերյալ ընդամենը ԵՏՄ-ից ներկրման ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների փոխարժեքի կարգավորման հարցն է դրված։ Ինչու՞ է մնացածը բաց մնացել։ Չէ՞ որ հարկային և հաշվապահական հաշվառման մեջ լուրջ տարբերություններ ու լուրջ խնդիրներ են ստեղծում տնտեսվարող սուբյեկտների համար։

Հաջորդ հարցը արտահանմանն ուղղված քաղաքականության իբրև քայլ՝ շահութահարկի դրույքաչափի նվազումն է։ Եթե մենք իրականում իրականացնում ենք արտահանմանն ուղղված քաղաքականություն, նախ պետք է տարանջատենք արտահանողներին և տեղում վաճառք կազմակերպողներին։ Եվ ինձ չի թվում, թե 20%-ից 18%՝ երկու տոկոսային կետով դրույքաչափի նվազեցումը արտահանման խթանմանն ուղղված որևէ քայլ է իրենից ներկայացնում։

Կարելի էր դիտարկել, բացառապես ՀՀ-ից արտահանող սուբյեկտներին տրամադրել 10% շահութահարկի դրույքաչափ, ինչպես մենք ունենք ներկայիս գործող օրենսգրքում 40 մլրդը գերազանցող և այդքան գումար ՀՀ-ում ստացած սուբյեկտները 5%-ով են հարկվում, 50 մլրդը գերազանցողները՝ 2%-ով։ Սա մի դրույթ է, որը կա՛մ չի գործում, կա՛մ գործում է խիստ սահմանափակ անձանց համար։ 

Կամ տարածքային համաչափ զարգացման խնդիրն ապահովելու համար ներկայումս գործում է սահմանամերձ համայնքներում հարկերից ազատման մասին օրենք, այսինքն՝ արտոնության տեսակ, որ սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալողներն ազատված են բոլոր տեսակի հարկերից։ Ինչու՞ միայն սահմանամերձ համայնքները, երբ որ հեռավոր մարզերում ծայրահեղ աղքատություն է տիրում, և ինչու՞ մենք չենք խթանում տեղում արտադրության զարգացումը՝ հարկային բեռը թեթևացնելով ու Երևանում կուտակված գործարանները այլ մարզերում տեղակայելով։ 

Եվ ամենաքննարկված հարցը՝ եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից անցումը համահարթեցված համակարգի։ Ընդունելի չեն օրենքի նախագծում բերված հիմնավորումները, փաստարկները, թե ինչու ենք պրոգրեսիվից անցում կատարում համահարթի։ Մենք խախտում ենք վերաբաշխման սկզբունքը։ Այսինքն՝ ավելի բարձր եկամուտներ ստացող անձանցից ավելի ցածր եկամուտներ ստացող անձանց հաշվին եկամուտների վերաբաշխում չենք իրականացնում։

Եթե հիմա ավելի լավ տարբերակ չենք ներդնում, համահարթ տարբերակը, համոզված ենք՝ լավագույն լուծումը չէ, ինչու՞ ենք փոխում։ Սեպտեմբերից մինչև հիմա համարյա մի տարին լրանում է՝ մենք այս նախագծի քննարկումն ենք իրականացնում, և արդյունավետ քննարկում դեռևս տեղի չի ունեցել։ Եթե դրական ակնկալիք չունենք, ինչի՞ ենք այս փոփոխությունը հրատապ կերպով իրականացնում, միգուցե ավելի շատ քննարկենք, գտնենք լավագույն լուծումները և դնենք օգտագործողների սեղաններին։ 

Անդրադառնամ նաև շրջանառության հարկի շեմին։ Միակ լավ փոփոխությունը կարելի է էր համարել թերևս սա, սակայն մեր կարծիքով շրջանառության հարկի շեմ չպետք է սահմանել, դրա համար ունենք հիմնավորումներ ու կներկայացնենք առանձին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն