e7839987bc8149f559f2bcfa74bc7d05.jpg

Մենք չենք կարող միաժամանակ լուծել և՛ բարձր տնտեսական աճի խնդիրը, և՛ բարձրացնել աշխատավարձերը, թոշակները․ Միքայել Ղուկասյան

Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումերի ընթացքում ելույթ ունեցավ անհատ ձեռնարկատեր Միքայել Ղուկասյանը։ Նա մասնավորապես ասաց․

«Իմ կարծիքով՝ ցանկացած քննարկման տրամաբանությունը պետք է լինի հետևյալը․ ո՞րն է այդ փոփոխության նպատակը, արդյո՞ք այն արդարացված է։ Տվյալ դեպքում փոփոխությունների նպատակը նախագծում նշված է՝ ներդրումային գրավչության ավելացումը, օտարերկրյա ներդրումների, արտահանման խթանումը և այլն։ Կարծում եմ՝ ոչ ոք չի վիճի, որ այդ նպատակներն արդարացված են և դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա, ինչի ազդեցությունը կզգանք բոլորս։ 

Հիմա արդյոք այս նախագծով առաջարկվող կետերը նպաստում են նշված նպատակների իրականացմանը։ Իմ կարծիքով՝ նպաստում են, որովհետև տրամաբանական է՝ հարկերի նվազեցումը բիզնեսի զարգացման ու ներդրումների համար դրական խթան է։

Ուրիշ հարց․ արդյոք ներկայացված այս տարբերակը լավագու՞յնն է, որ կարելի է իրագործել մեր ունեցած հնարավորություններով։ Այդ մասով վստահ չեմ, բայց նախագծի հեղինակները պնդում են, որ մի քանի տարբերակներ են քննարկել ու եկել այս որոշմանը։ Ու նաև նախագծի հիմնավորման մեջ կան որոշակի կանխատեսումներ, որ նախագծի կիրառման արդյունքում միջնաժամկետ հատվածում ՀՆԱ-ի լրացուցիչ աճը մոտավորապես կլինի 0,8%: Այսինքն՝ եթե ներկայիս ՀՆԱ-յով չափենք՝ կլինի մոտ 48 մլրդ դրամ։ Նաև նախատեսվում է, որ կունենանք զբաղվածության կրճատում և սպառման աճ։ 

Ի՞նչ քննադատություն է հիմնականում լսվում։ Ասում են՝ համահարթ դրույքաչափի դեպքում  սոցիալական բևեռվածության խնդիրը չի փոքրանում, հարուստներն ավելի են հարստանալու, աղքատները մնալու են աղքատ կամ ավելի են աղքատանալու։ Փաստացի դրվում է ուրիշ նպատակ՝ բնակչության եկամուտների աճի ապահովում կամ սոցիալական որոշակի խնդիրների լուծում։ Նախագծի հիմնական տրամաբանությունն իմ պատկերացմամբ հետևյալն է՝ ապահովել բարձր տնտեսական աճ, որի շնորհիվ հետագայում հնարավոր կլինի լուծել մնացած խնդիրները։

Եվ հիմա մենք չենք կարող միաժամանակ լուծել և՛ բարձր տնտեսական աճի խնդիրը, և՛ բարձրացնել աշխատավարձերը, թոշակները, լուծել այլ խնդիրներ։ Եթե նման տարբերակ հնարավոր լիներ, բոլոր կառավարություններն այդպես կանեին, ու բոլորը լավ կապրեին։ Պետք է ընտրել որոշակի առաջնահերթություն ու որոշակի տրամաբանություն, որ էս-էս քայլերի արդյունքում էս խնդիրները չեն լուծվի, բայց մենք կլուծենք էս խնդիրը, որի արդյունքում մի քանի տարի հետո կունենանք արդյունքներ։ Իմ համոզմամբ՝ այս նախագիծը մտնում է այդ տրամաբանության մեջ, ու քննադատություններն այդ առումով մի քիչ սխալ են»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն