armenpress.am: Արդարադատության նախարարությունը առաջիկա տարում աշխատելու է բոլոր դատավարությունների թվայնացման ուղղությամբ։
Այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Նախարարի խոսքով՝ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որում գրանցվելով քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են ծանոթանալ իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթներին, դրանց ընթացքին, կիրառված արգելանքներին, կատարել վճարումներ, հետևել դրամական միջոցների և այլ գույքի ապաարգելադրման և կատարողական վարույթի կարճման գործընթացին։
Մեկ այլ նորամուծություն է Պրոբացիայի ծառայության աշխատանքն ամբողջությամբ թվայնացնող «e-probation» հարթակը, ինչը թույլ կտա ինքնաշխատ եղականով գեներացնել պրոբացիայի շահառուին վերաբերող անհրաժեշտ տվյալները:
Նախարարությունը առաջիկա տարում աշխատելու է բոլոր դատավարությունների թվայնացման ուղղությամբ, միաժամանակ շարունակելու և ավարտին է հասցնելու ընթացիկ ծրագրերը:
«Մեր վերջնանպատակն է ստեղծել մեկ միասնական «E-Justice» հարթակ, որտեղ մուտք գործելով քաղաքացին կարող է ստանալ արդարադատության համակարգի բոլոր ծառայությունները, հեշտ և արագ իրացնել իր իրավունքները»,- եզրափակեց Մինասյանը։
Շարունակությունը՝ armenpress.am-ում