tert.am:Ուկրաինական բանակը զորավարժություններ է անցկացրել Բելառուսի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ուկրաինական ուժերը մարզվում էին հյուսիսային ճակատի վրա հնարավոր հարձակման սպառնալիքի ֆոնին:
Ուկրաինան վախենում է, որ Ռուսաստանը կարող է ուժեր կուտակել իր դաշնակից Բելառուսի տարածքում, նախքան հարվածներ հասցնել հյուսիս-արևմուտքին կամ նույնիսկ փորձել ընթանալ դեպի Կիև:
Վերաբացելով հյուսիսային ճակատը՝ Ռուսաստանը կցրի Կիևի ուժերը, որոնք ամիսներ շարունակ կենտրոնացած էին արևելքում և հարավում ընթացող մարտերի վրա՝ ստիպելով նրան զորքերը շեղել դեպի հյուսիս:
«Նրանք կարող են փորձ ձեռնարկել, բայց մենք պատրաստ ենք: Մենք պատրաստվել ենք, յուրաքանչյուր շրջադարձ և յուրաքանչյուր հանգույց փորված է: Յուրաքանչյուր շենքից հսկայական դիմադրություն կլինի», – ասել է Ուկրաինայի տարածքային պաշտպանության 104-րդ բրիգադի գնդապետ Ռոման Վոլոշչուկը Reuters-ին:


