azatutyun.am Կառավարությունը չի կատարում ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժի միջանկյալ որոշումը, Արդարադատության նախարարն այսօր ասում էր՝ կա հարկադրաբար կատարելու մեխանիզմ, եթե կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը դիմի հայաստանյան դատարան ու հաղթի:
«Մենք կիրառել ենք մեր օրենքը, որը գործում է: Որևէ պատճառ, առիթ չունենք և չենք կարող իրավական տեսանկյունից ունենալ, որպեսզի չգործենք օրենքի շրջանակում: Եվ միջազգային արբիտրաժն, ըստ էության, փորձել է պարտադրել չկիրառել այն օրենքը, որը որ գործում է, ինչը մենք չենք կարող անել, որովհետև անելն ուղղակի կնշանակի, որ հակասում է դա հանրային կարգին», – ասում է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Խոսքը Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշման մասին է, որով միջազգային արբիտրը Հայաստանից պահանջել է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ն ազգայնացնելու գործընթացի շրջանակում շաբաթներ առաջ փոխված օրենքները կիրառելուց ու «ընկերության բռնագրավման հետագա քայլերից», չփոխել «ՀԷՑ»-ի կառավարիչներին, թույլ չտալ պետության նշանակած ժամանակավոր կառավարչին գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին:
Բայց նախարարը չի պատկերացնում՝ դատարանն ինչպե՞ս կարող է ասել՝ մի կատարեք ներքին օրենքները. «Հարկադրաբար կատարելը պետք է տեղի ունենա կրկին ներպետական մարմինների կողմից, որովհետև որևէ վերպետական մարմին կամ միջազգային ատյան չի կարող պարտադրել պետությանը կատարել որևէ բան, այն էլ այնպիսի բան, որը պոտենցիալ ունի հակասելու տվյալ երկրի հանրային կարգին։ Քանի որ գործ ունենք օրենքի հետ և օրենքի կատարման հետ ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է դատարանը, ցանկացած այլ մարմին ասել՝ գիտեք ինչ, մի կատարեք մեր երկրի օրենքների պահանջները», – ընդգծում է Գալյանը:
Մինչ նախարարը արբիտրաժային որոշումը ներպետական օրենսդրությանը հակասող է որակում, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը Սահմանադրությանն է հղում անում:
«Էներգետիկայի մասին օրենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին օրենք, ինքը ասում է՝ մենք դա ենք կատարում, մենք պետություն ենք, բա մեր ներքին օրենսդրությունը։ Գիտե՞ք, ես համոզված եմ, որ այդ անձը տեղյակ է, որ միջազգային համաձայնագրերը և պայմանագրերն ավելի վեր են, քան ներպետական օրենսդրությունը, ուղղակի սնանկ են իրենք, ասելու բան չունեն, այդ իսկ պատճառով գնում են անգամ, այսպես՝ քաղաքական ինքնասպանության. իրենց պրոֆեսիոնալիզմը, իրենց գիտելիքները զոհում են հանուն պաշտոնի, հանուն ինչ-որ մի անձի քմահաճույքները կատարելուն», – ասում է ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
Իսկ արդյոք ՀԷՑ-ի սեփականատերերը կդիմեն հայաստանյան դատարան՝ արբիտրաժային որոշման կատարման պահանջով, ասաց՝ դեռ որոշում չունեն:
«Ինչպե՞ս եք պատկերացնում՝ վարչապետը հայտարարի, որ իմ ասածը, ով որ դեմ է կառավարությունում, պետք է չլինի, ազատի Լիպարիտ Դրմեյանին, ու ինչ-որ մի ներպետական դատարանում ինչ-որ մեկը որոշի, որ Այ սա, գիտեք, էսպես ճիշտ է, իմ անձնական կարծիքն եմ ասում, բայց որոշում չունենք։Եվ նաև ֆիքսենք մի բան, որ այսօր Սրբուհի Գալյանը ճնշում գործադրեց, եթե անգամ դիմենք դատարան, ճնշում գործադրեց դատարանի վրա, ասելով, որ ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է դատարանը կատարման որոշում կայացնելու»,- ասաց Ղազինյանը։