Փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի կարծիքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին մառախլապատ եղանակը կարելի էր օգտագործել՝ շրջափակման մեջ մնացած քիմիկներին բաց դաշտով օգնության գնալու համար, բայց դրա արդյունավետությունը խիստ կասկածելի էր լինելու՝ հաշվի առնելով, որ միակ ճանապարհը բաց դաշտն էր, իրենց դրությունն ու զինվածությունը՝ դրան անհամապատասխան։
Այս մասին նա հայտարարեց Հակակոռուպցիոն դատարանում՝ հավելելով, որ իրենք ներքեւում էին, հակառակորդը՝ վերեւում․ թմբի վրա նստած՝ երկու կողմին դիտարկում էր։
Ինչո՞ւ նախքան մարտական առաջադրանքի մեկնելը բաց դաշտի գոյությունը հայտնի չէր, ինչո՞ւ զորքը, ի տարբերություն հակառակորդի, համարժեք զինտեխնիկայով ապահովված չէր, ինչո՞ւ որոշ դեպքերում անգամ սաղավարտ չուներ․ այս եւ այլ հարցեր, սակայն, այդպես էլ մնացին անպատասխան։
Հիշյալ թմբի մի կողմում՝ Ներքին Հանդի ուղղությամբ, Հովակիմյանի խմբավորումն էր՝ Գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ գեներալ-լեյտենան Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ, մյուս կողմում՝ Կովսականի (Զանգելան) ուղղությամբ, քիմիկներն էին՝ փոխգնդապետ Արսեն Աբգարյանի հրամանատարությամբ։ Ըստ նախապես ծրագրված պլանի՝ երկու խմբավորումները պետք է մեկնեին՝ «Սանրում» գործողության միջոցով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը հայտնաբերելու եւ ոչնչացնելու։
Ստացվել է այնպես, սակայն, որ քիմիկների խմբավորումը անցել է նախանշված վայրը՝ Կիրի հանքի մոտակայքում տեղակայված ոստիկանական հենակետը՝ փոխարենը հասնելով դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։ 62-հոգանոց անձնակազմից 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։
Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են հիշյալ երկու հրամանատարները՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։
Վկա Վարդան Հովակիմյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ մարտական պատրաստության վարչության՝ ենթասպաների պատրաստության բաժանմունքի ավագ սպայի պաշտոնը։ Պատերազմի սկզբում գտնվել է Վարդենիսում, ապա Կապանում, որից հետո՝ Գորիսում։ Մինչ դեպքի օրը զբաղվել է ՄՈԲ-ով եկած ստորաբաժանումների մարտական պատրաստությամբ։
Իր ցուցմունքը, սակայն, վկան սկսեց դեպքի նախորդող օրվանից՝ հերթական անգամ հաստատելով այն տեղեկությունը, որ նախորդ օրն արդեն հայտնի է եղել, որ հակառակորդը Զանգելանում է․
«Մենք, որպես զինվորական, պիտի գնայինք, Զագնելանը անցնեինք, մի կամուրջ կար, դրա մոտակայքում ոստիկաններից պոստեր նշանակեինք ու կամուրջը տրաքացնեինք, էն էլ պարզվեց՝ արդեն [հակառակորդի] տեխնիկա կա արդեն․․․ Այդ ընթացքում ես, Գեւորգյանը (նկատի ունի իր անմիջական հրամանատար Սերյոժա Գեւորգյանին) ճանապարհով քայլել ենք, հեռվացել էնքան, որ մեր զորքը էլ չէր երեւում, մեկ էլ մի հատ առանց համարների պիկապ տեսանք, դե, մեզ ասել էին, որ առջեւում մեզնից էլ մարդ չկա, կարար հակառակորդը լիներ, Գեւորգյանը գոռաց, որ թաքնվենք, զենքերը լիցքավորենք, հետո սկսեցինք վազել դեպի զորքը, ու պարզվեց՝ Կապանի հրետանային զորամասի սպաներն էին, գնացել էին՝ տեղազննման, իրենք էլ ասեցին, որ առջեւում հակառակորդ կա»։
Հովակիմյանը պատմեց, որ այդ երեկո Անդրանիկ Մակարյանը զորամասում խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հենց ծրագրվել է հաջորդ օրվա «Սանրում» օպերացիան․ «Մակարյանը քարտեզի վրա ցույց էր տալիս, որ մինչեւ էստեղ [պիտի գնանք], էստեղից առաջ չեք գնում, որովհետեւ խնդիր կարա լինի, հետո ուղեկցողների հարցը քննարկվեց․ Մանուչարյանը պիտի քիմիկներին ուղեկցեր, մյուսը՝ (Վարդան Ալեքսանյանը,-հեղ․) մեզ․․․ Ես, Մակարյանը, փոխգնդապետ Աղայանը հենց Ալեքսանյանի սպիտակ պատրիոտի մեջ էինք»,- նշեց նա՝ հավելելով, որ մեքենաներով գնացել են, ապա՝ ժ․ 7-ի մոտակայքում իջել, ոտքով քայլել մոտ 20 կմ՝ մինչեւ ժ․ 4-5-ը։
Հարցաքննության ընթացքում հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը մի շարք հարցեց հղեց վկային․
-Խնդիրը ո՞րն էր, Ներքին Հանդում պիտի հետախուզեի՞ք։
- էդ հետո կերեւար, Զանգելանի աջ թեւի վրա սարի նման տեղ կար, պիտի բարձրանայինք էդտեղ։
- Երբ մեքենաներից իջաք, ի՞նչ տեղի ունեցավ։
- Վարորդը եկավ, ասաց, որ քիմիականի տղերքը ընկել են զասադի մեջ, հիստերիայի մեջ էր, էդ տղուն հանգստացրինք, ասեցինք՝ ասա՝ ինչ է եղել, ասաց՝ քիմիականի վարորդն է զանգել, դա ասել։
- Անդրանիկ Մակարյանն այդ մասին իմացա՞վ։
- Այո, Աղայանին ուղարկեց հետ՝ զորամաս, որ հասկանային՝ ինչ է։ - Իսկ դուք ի՞նչ արեցիք։
- Պիտի շարժվեինք, մոբը որպես հետախույզ առաջ գնար, հետեւից՝ զորքը։ Ես քայլել եմ Մակարյանի հետ, կապը իմ ձեռքին էր։ Որ ինչ-որ բան էր պետք լինում ասել․․․
- Ո՞ւմ հետ էր այդ կապը։
- Ներքին։
- Իսկ այլ կապի միջոց ուներ Մակարյանը՝ ավելի վերադասի կամ մյուս խմբավորման հետ։
- Չեմ հիշում, ոնց որ չէ։
Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հարց բարձրացրեց՝ Մակարյանը ինչպե՞ս պիտի ղեկավարեր առանց կապի միջոցի, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Ես չգիտեմ, ես չեմ կարող ասել, ես ոչ թե մի բան ուզում եմ պահել, ճիշտ հասկացեք, ես խնդիրը կատարող էի»։ Գիգորյանը նկատեց՝ վկան, ամեն դեպքում, փոխգնդապետի կոչում ունի, եւ թե մեքենայում, թե քայլերթի ժամանակ Մակարյանի կողքին է եղել։
Գրիգորյանը նաեւ հետաքրքրվեց՝ երբ իմացան, որ մյուս խումբը զասադի մեջ է, որեւէ գործողսություն, հետագա գործընթացը փոփոխելու պլանավորում Մակարյանը կատարե՞ց, չէ՞ որ իրավիճակը փոխվել էր․
- Դե, Աղայանին հետ ուղարկվեց, որ ճշտի․․․ Ու հետո հրաման է տվել, որ շարժվենք առաջ․․․։
- Այ, շարժվել առաջը մեկ օր առաջ որոշված գործողություն էր, այժմ այն խումբը զասադի մեջ է, ձեր գործողությունների լիարժեքությունը արդեն չի կարող ապահովվել։ ։
Մակարյանը փորձե՞ց ճշտել նոր իրավիճակը, նոր որոշում կայացրե՞ց։։
- Էդ պահին ոչ մի գործողության փոփոխություն չի եղել, գուցե հետագայում է եղել, ես չեմ կարող ասել։։
- Այսինքն՝ գեներալ Մակարյանը, ինֆորմացիա ստանալով, որ մյուս խումբը խնդիրներ ունի, ոչ մի միջոց չի՞ կիրառել օգնության հասնելու կամ իրավիճակից ելնելով՝ տակտիկա ընտրելու համար։։
- Թե Մակարյանը մյուս խմբին ինչ խնդիր է դրել, ես չեմ կարող ասել, մեզ խնդիր է դրվել շարժվել առաջ, վերջ, մենք շարժվել ենք։։
- Բա ո՞րն էր լինելու երաշխիքը կամ քանի՞ տոկոսանոց արդյունք կարող էր տալ ձեր գործողությունը՝ նույն ուղղությամբ շարժվելը, երբ գիտեիք, որ մյուս խումբը արդեն մարտի է։։
- Դուք իմ եւ Մակարյանի պաշտոնների տարբերությունները երեւի հասկանում եք, չէ՞, ես ոչ մի իրավասություն չեմ ունեցել։։
- Իսկ այդ հարցը բարձրացրե՞լ եք, որ կարա սենց չլինի։։
- Չէ, ես չեմ էլ կարա տենց հարց բարձրացնեմ, իրավասու չեմ։։
Վկայի այս պատասխանը զայրացրեց քիմիկների ծնողներին, նրանք վրդովվեցին՝ բացականչելով, որ եթե նրա տղան էլ էնտեղ լիներ, այդ իրավունքները կմոռանար
- Որպես մարդ էլ իրավասու չէի՞ր, քո նման զինվորները կրակոցի տակ էին․․․
- Որպես մարդ՝ մեր զորքն էլ էր գնում ինչ-որ բանի․․․
- Բայց արդեն գիտեիք, որ զասադի մեջ էին, մի բան անեիք, կրակեիք․․․
- Ո՞ւր կրակեինք
- Օդ։
- Տիկին ջան, ես Ձեր ասածը որպես մարդ հասկանում եմ, բայց եթե որպես մարդ կարողանայի Մակարյանին մի բան ասել, դա որեւէ բան չէր փոխվել։
Ի պատասխան մեղադրողի հարցին, թե Մակարյանի հոգեվիճակն ինչպիսին էր, վկան ասաց․ «Նորմալ, վատ էր էնքանով, որ լսել էր, որ սենց խնդիր կար, դրանից լավ չէր կարող լինել։ Ամեն դեպքում, հուզված, լարված, կապ չկար, չէինք կարողանում զանգել, մի բան ճշտել»։
Վկան պատմեց, որ շարասյունով երկար քայլերից հետո ի վերջո կանգ են առել, բայց ոչ այնտեղ, որտեղ ի սկզբանե նախանշված էր․
- Ինչո՞ւ կանգնեցիք էդտեղ,- հարցրեց հանրային մեղադրողը։
- Բաց դաշտ էր, մենք էլ գիտեինք, որ առջեւում հակառակորդ կա։ Տղաներից մեկին, ով տեղանքին ծանոթ էր, հարցրի՝ ուրիշ ճանապարհ կա՞, որ էդ դաշտը շրջանցենք, ասաց՝ չէ, եթե ուզում ենք բարձրանալ էդտեղ, պիտի բաց դաշտով գնայինք։
- Ինչքա՞ն եք մնացել։
- Երկար, մութը տվել էր։
- Իսկ այդ քննարկումներից բացի ի՞նչ եք արել։
- Ոչ մի բան, զորքը ուտելու բան ուներ, նստել է․․․
- Բաց դաշտը ի՞նչ հեռավորության վրա էր այն կետից, որտեղ պիտի գնայիք։
- Աչքաչափից էդքան լավ չեմ, բայց երեւի 1 կմ։
Հովակիմյանը հայտնեց, որ այդտեղ մնացել են մոտ 2-3 ժամ։ Քննարկել են միայն տեղում մնալն ու հետ գնալը, առաջ գնալու տարբերակը բաց դաշտը տեսնելուց հետո չի քննարկվել։ Հարցին՝ մարտական առաջադրանքի մեկնելիս չգիտեի՞ն, որ այդտեղ բաց դաշտ է լինելու, վկան դժվարացավ պատասխանել, ասաց՝ ինքը տեղանքին ծանոթ չի եղել, ոնց տարել են, այդպես քայլել է։
- Ե՞րբ, ումի՞ց իմացաք, որ պիտի հետ գնաք,-- հարցրեց մեղադրողը։
- Մակարյանն է ասել՝ ասեմ զորքին, որ պիտի հետ իջնի։ Տեղ կար, նստեին, հաց ուտեին, դրանից հետո էլ՝ զորամաս։
- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ որոշվեց հետ գնալ։
- Չեմ կարող ասել։
- Դիցուք՝ եթե վտանգավոր էր, ինչո՞ւ չորոշվեց մնալ տեղում։
- Չեմ կարող ասել։
- Բաց դաշտի պայմաններում իրական հնարավորություն ունեցե՞լ եք օգնության գնալու,- հետաքրքրվեց դատավորը։
- Իմ պատկերացմամբ՝ ոչ, բաց դաշտը շատ բաց ա, անծանոթ տեղանք, մենք չգիտեինք էլ՝ որտեղ են տեղակայված, ոնց, մենք ուղղակի կուրորեն պիտի մտնեինք բաց դաշտ։
- Բայց չէ՞ որ սկզբում սարը տեսել եք, ուղղությունը վերցրել եք, մառախուղի պայմանները կարո՞ղ էին որպես առավելություն օգտագործվել եւ օգնության գնալ։
- Ընդհանուր, առմամբ կարող էր, եթե հրաման լիներ։
- Իսկ ինչո՞ւ չի օգտագործվել։
- Չեմ կարող ասել։
- Չհարցրի՞ք՝ ինչի եք հետ գնում։
- Չէ։
- Չի ասել՝ հետ ենք գնում, վաղը 150 հոգով գանք։
- Ես տենց բան չեմ լսել։
Վկային հարցեր հղեց նաեւ պաշտպանական կողմը։ Մասնավորապես, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ասաց՝ հանրահայտ փաստ է, որ Ներքին Հանդից ուղիղ գծով մինչեւ Կովսական կազմում է 15 կմ (ըստ համացանցային քարտեզների), տեղանքն էլ՝ լեռնային, ապա դիմելով վկային՝ հարցրեց՝ մարտական պայմաններում այդ տարածությունը ի՞նչ արագությամբ կանգնեին։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ 2 կմ/ժ։ Մակինյանը շեշտեց՝ վկայի պատասխանը գրեթե նույնական է բաց աղբյուրներում եղած մարտակարգերում նշված պատասխաններին՝ 2-3 կմ/ժ։
- Այս պայմաններում եթե Ձեզ հրաման տրվեր ուղիղ գծով շարժվել դեպի Զանգելան, որքա՞ն ժամանակում կհասնեիք։
- Ամենալավ դեպքում՝ 6-7 ժամ։
- 7 ժամ հետո եթե հասնեիք, դրա օգտակարությունը որքա՞ն կգնահատեք։
Հանրային մեղադրողը առարկեց վկայի այս հարցին՝ նշելով պատասխանի համար ելակետային տվյալներ են պետք։
- Ես այս հարցը պատահական չտվեցի, տվեցի հենց, որ առարկեն, որովհետեւ եթե իմ պաշտպանյալը մեղադրվում է նրանում, որ օգնությունը չի կազմակերպել, ապա մեղադրանքի մեջ պիտի հիմնավորվեր կազմակերպելու օգտակար գործողության գործակիցը։ Եթե հրամանատարը, ուժերի հաշվարկով գալիս է այն եզրահանգման, որ առաջադրանքը, ամեն դեպքում առաջ չի կատարվելու․․․ Դատախազությունը արդյո՞ք այս հարցերը հաշվի է առել, հակառակ դեպքում, կներեք, բայց 7 ժամ հետո էին հասնելու, իսկ այդ պայմաններում արդյո՞ք կա տվյալ՝ կարողանալո՞ւ էին մոտենալ թե չէ, կարողանալո՞ւ էին օգնել, եթե մեքենաներով պտտվեին, հետ գային, արդյո՞ք կա տվյալ, թե դիցուք 5 ժամ հետո մտնեին մարտի մեջ, արդյունավետ էր լինելու թե չէ, իրադրությունը լրիվ փոխվել էր թե չէ,- հայտարարեց պաշտպան Ամրամ Մակինյանը։
Դատավորը առարկությունը չընդունեց՝ վկային խնդրելով պատասխանել հարցին․
-Իմ կարծիքով՝ ՕԳԳ-ն համարյա թե զրո էր լինելու, էս խումբն էլ կարող էր զոհվել, եթե ուղղակի, առանց ոչ մի բանի, վազելով գնայինք։
-Ըստ հարցաքննված այլ անձանց՝ հակառակորդը զրահափոխադրիչներով, մեծ տրամաչափի գնդացիրներ է կիրառել, հարցը այդ տրամաբանության մեջ դիտարկեք, ձեր խմբի զինվածությունը ինչպիսի՞ն էր։
- Չի եղել, ПК կարար, ավտոմատ, նռնակ, բայց մեծ զինատեսակներ՝ չէ։
- Հակատանկային միջոցներ։
- Չէ-չէ։
- Եթե դիցուք՝ այդ ցուցմունքները ճիշտ են, դուք ի՞նչ հաջողություն կունենայիք։
- Ում բախտը բերեր, բերեր։ Ճնշել, խոցել, չէինք կարող։
Քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն էլ հարցեր հղեց քիմիկների ուղեկցման մասին․
- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ քիմիկների խումբը կանգ չի առել այն տարածքում, որտեղ պիտի կանգ առներ։
- Իմ իմանալով՝ ուղեկցողը մինչեւ վերջ չի տարել, ուրիշն է տարել, դրա համար էլ չի իմացել՝ ուր պիտի տանի։
- Որ ասում եք ՝ ուրիշն է տարել, ի՞նչ է տեղի ունեցել։
- Չի իմացել՝ որտեղ պիտի կանգնի։
- Կարո՞ղ ենք ընդունել, որ ուղեկցողներն են միմյանց սխալ փոխանցել։
Մեղադրողը դարձյալ առարկեց հարցի դեմ՝ հայտարարելով, որ պաշտպանական կողմը փորձում է վկային շեղել՝ լսելու համար այն, ինչն ավելի հաճո է իրենց։ Հարցը, ամեն դեպքում, չհանվեց․
- Ես լսել եմ, որ իսկական ուղեկցողը ճանապարհի կեսից ուրիշ մարդու է տվել, դրա համար այս ողբերգությունը եղել է,- պատասխանեց վկան։
Դավիդյանը փորձեց հասկանալ նաեւ՝ ըստ վկայի՝ Արսեն Աբգարյանը, որի տեղանքին ծանոթ չլինելու համար էր ուղեկցող նշանակվել, ունե՞ր պարտականություն ուղեկցողներին վերահսկելու․ «Եթե տեղանքին ծանոթ չէր, վերահսկել չէր կարող»,- ասաց վկան՝ հավելելով, որ իրենց ուղեկցողն էլ առանց որեւէ վերահսկողության պատշաճ ուղեկցել է։
- Բացի ուղեկցողներից նաեւ դիմավորողներ պիտի՞ լինեին,- հարցրեց Արսեն Աբգարյանը։
- Այո։
- Խորհրդակցության ժամանակ պլանավորվե՞լ է, որ պիտի ուղեկցողները փոփոխվեին։
- Չէ։
- Ովքե՞ր պետք է ուղեկցեին։
- Տեղանքին ծանոթ անձինք, մեզ դիմավորել են զինված տղաներ, որոնցից մեկը այդ գյուղից էր։
- Քիմիկներին դիմավորե՞լ են։
- Չգիտեմ, ինձ թվում է՝ չէ։
- Պատճառների մասին ի՞նչ կարող եք ասել։
- Տեղեկություն չունեմ։
- Ստացվում է այնպես, որ ուղեկցողը պիտի ուղեկցեր մինչեւ Կիրի հանք, չի ուղեկցել, պիտի դիմավորող լիներ, չի դիմավորում, որպես զինվորական՝ ի՞նչ կասեք, այդ ի՞նչ զուգադիպություն է։ - Չեմ կարող ասել՝ իրենց մեջ ինչ է եղել, բայց որ լավ չի եղել, որ ուղեկցողը իր գործը ճիշտ չի կազմակերպել, էդ ա հետեւանքը․․․ Դիմավորողի հետ պիտի կապի մեջ լիներ, թեկուզ որ փոխել էր, պիտի առաջ կանգնած լինեին․․․
Պաշտպանի հարցին ի պատասխան՝ վկան համաձայնեց, որ կատարվածի համար ուղեկցողները պիտի պատասխանատվության ենթարկվեն։