azatutyun.am ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության համաձայնագրի ձգտմանը, չնայած աճող անորոշությանը՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահ ների հնարավոր դեմ առ դեմ բանակցությունների հեռանկարի հետ։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է չորեքշաբթի օրը CBS News-ին տված հարցազրույցում:
Թրամփը իր դիրքորոշումը բնութագրել է որպես և՛ իրատեսական, և՛ լավատեսական և ասել է, որ բանակցությունների այս կարևոր փուլում ուշադիր հետևում է երկու առաջնորդների քայլերին:
«Ես հետևում եմ դրան, տեսնում եմ և խոսել եմ դրա մասին նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ», – ասել է Դոնալդ Թրամփը և հավելել, – «ինչ-որ բան տեղի է ունենալու, բայց նրանք դեռ պատրաստ չեն։ Բայց ինչ-որ բան տեղի է ունենալու։ Մենք դա անելու ենք»։
Ըստ նրա՝ Ռուսաստան–Ուկրաինա հակամարտությունն ավելի բարդ է, քան մյուսները, որոնց կարգավորմանը մասնակցել է. – «Անկեղծ ասած, Ռուսաստանի հետ կապված հարցը, կարծում էի, ավելի հեշտ կլիներ, բայց, կարծես, այն մի փոքր ավելի դժվար է, քան մյուսներից որոշները»: