ՌԴ-ն հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիները շուտով կվերադառնան. Օվերչուկ | armenpress.am

armenpress.am Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ըմբռնումով կմոտենա Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 13 քաղաքացիների շուրջ ստեղծված իրադրությանը, և նրանք շուտով կլինեն հայրենիքում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Ադրբեջանի հետ առաջին հերթին, անշուշտ, մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մեր 13 քաղաքացիները գտնվում են Ադրբեջանում, պահվում են այնտեղ: Եվ մենք հույս ունենք, որ այդ մարդիկ շուտով կլինեն հայրենիքում: Եվ այս պարագայում հույս ունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն ըմբռնումով կվերաբերվի, որպեսզի այդ մարդկանց թողնի տուն», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի իրավապահները գործողություններ էին իրականացրել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների, որոնք կասկածվում էին նախկին տարիներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Ձերբակալված ադրբեջանցիներից երկուսը մահացել էին։

Ադրբեջանը դատապարտել էր տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք էր հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ։ Դրանից հետո Բաքվում կալանավորվել էին «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը։ Լրատվամիջոցի աշխատակիցները մեղադրվում են մեքենայության, անօրինական ձեռնարկատիրության համար։  Բացի այդ, կալանավորվել են ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի մաքսանենգության և կիբերհանցագործությունների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter