Ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը․ մեկ անձ դիմել է փախուստի

«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, վերջերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը։

Մեր զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը դեպքի վերաբերյալ հայտնեց հետեւյալը․

«Սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը նույնպահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»։

Նշենք, որ Մկրտչյանը եղել է հենց վարորդը, փախուստի դիմած քաղաքացու ինքնությունն այս պահին մեզ հայտնի չէ։

Նախաքննական մարմնից էլ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ 

Կատարվում է նախաքննություն։

Միլենա Խաչիկյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter