azatutyun.am Գլխավոր դատախազությանն այդպես էլ չի հաջողվում պետությանը վերադարձնել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա»-ի շենքը:
Իշխանական պատգամավորի «Գռզո պլազա»-ն այս անգամ էլ վերաքննիչ դատարանում է հաղթել: Այս ատյանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի վճիռն ու հաստատել նույն պնդումը՝ դատախազությունը բաց է թողել օրենքով 1 տարվա ժամկետը, այսինքն՝ երբ տեղեկացել է խախտման մասին, ժամանակին չի դիմել դատարան, իսկ սա նշանակում է, որ գործը պետք է փակել առանց բովանդակային քննության, «Սիլ պլազա»-ն էլ թողնել Խաչատուր Սուքիասյանին:
«Պարտվել է սովորական քաղաքացին, մնացած բոլորը շահել են: Իշխանահաճո քրեական գործերի խմբագիր օգնական Աննա Վարդապետյանը հաղթել է, որովհետև շեֆի աչքին էլ, իշխանական պատգամավորի աչքին էլ մաքուր է մնացել, հանգիստ կարող է իր պաշտոնը վայելել և շարունակել իշխանության պատվերով քրեական գործեր հարուցել», – ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանը, որ հետևում է այս գործին, զարմացած չէ: Այդպես էլ պիտի լիներ, ասում է ու ընդգծում՝ իշխանական պատգամավորի սեփականության դեմ այս գործով պարզապես հերթական իմիտացիան են անում, ցույց են տալիս, թե իբր աշխատում են. «Այսօր Հայաստանում գործում է հետևյալ իրավիճակը իրավապահ համակարգի՝ շեֆի ասածն օրենք է, ու շեֆի ասածը կաշվից դուրս գալով մինչև վերջ պետք է անեն, եղած բացահայտումները… իմիտացիա ստեղծեն այդ բացահայտումների շուրջ, ծածկադմփոց անեն և վերջանա»:
Ինչպե՞ս կարող էր դատախազությունը չիմանալ ժամկետները բաց թողնելու մասին. Մանուկյանի կարծիքով, իրավապահներն անգամ չէին էլ անդրադառնա այս թեմային, եթե չլինեին հետաքննող լրագրողները:
«Հետք»-ն էր բացահայտել, որ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը շենքը Սուքիայաններին է փոխանցել շուկայականից էժան գնով՝ ավելի քան 5.000 դոլարով: «Հետք»-ի այս բացահայտումից հետո էին իրավապահները քրեական գործ հարուցել, դատախազությունն էր դիմել դատարան, որ չեղյալ համարվի գործարքն ու շենքը փոխանցվի հետ՝ պետությանը: Դատախազությունը շարունակում է պնդել՝ ժամկետ չի խախտել. ավելին՝ գործարքն անվավեր ճանաչելու հիմքերի մասին 2023-ին է իմացել: