Կառավարությունը փոխում է ՀԷՑ-ի գործով փաստաբանական ընկերությունը | civilnet.am

civilnet.am ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար այսօր փոխեց փաստաբանական ընկերությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշմամբ կառավարությունը «Arnold & Porter» ընկերությունը փոխարինեց «Folеy Hoag LLP» իրավաբանական–փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությամբ։

«Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է օգոստոսի 21-ի որոշման կայացումից հետո երևան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Կառավարությունն իր ընտրությունը պայմանավորել է նրանով, որ «Folеy Hoag LLP» ընկերության ներկայացված առաջարկը որակապես չի զիջում «Arnold & Porter» ընկերության ներկայացրած առաջարկին։

Գործադիրմարմնից նաև նշել են, որ «Folеy Hoag LLP» ընկերությունը ՀՀ շահերի պաշտպանության նպատակով ներգրավված է մի շարք այլ միջազգային իրավական գործընթացներում և հանդիսանում է վստահելի գործընկեր։

«Բացի այդ, ստեղծված իրավիճակում «Folеy Hoag LLP» ընկերությունը համաձայնել է ծառայությունները մատուցել նույն արժեքով, ինչ «Arnold & Porter»–ը։ Նախորդ անգամ «Folеy Hoag LLP»–ը չէր ընտրվել, քանի որ առավել բարձր գնառաջարկ էր ներկայացրել»,– նշել են կառավարությունից։

Հաշվիառնելով այն, որ «Folеy Hoag LLP» ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան նրա հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս, որոշման գործողությունը նախատեսվում է տարածել 2025 թ–ի օգոստոսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

2025-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Հայցն ընդդեմ Հայաստանի կառավարության ներկայացրել են գործարար Սամվել Կարապետյանը, նրա կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և Liormand Holdings Limited-ը։ Liormand Holdings Limited ընկերությունը 2010-ին Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերություն է 2015-ին, «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը վաճառել էր ՀԷՑ-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter