news.am Եթե ոստիկանության ստորաբաժանումը ձերբակալություն է իրականացնում, սա երբեք չի կարող ընկալվել որպես ծածկադմփոց կամ որևէ դեպքի թաքցնել, եթե նախարարությունը նպատակ հետապնդեր որևէ դեպք կոծկել, ես վստահեցնում եմ, որ ձերբակալման փաստը վրա չէր հասնի։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբորն առնչվող միջադեպին։
«Մենք ունեցել ենք օբյեկտիվ իրավիճակ Փարաքարում, վարորդը եղել է այո, մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը։ Վարորդի մոտ չի հայտնաբերվել ոչինչ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և ուղևորի մոտից նետվել են իրեր, որտեղ որ հայտնաբերվել է նախնական արդյունքներով, թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է, որ այդ իրավիճակում պարեկային ծառայությունը պիտի իրականացներ ձերբակալում։ Ձերբակալումը իրականացվել է, անձին բերման է ենթարկել բաժին, բաժնում տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվել է համապատասխան պրոցեսներ։
Այժմ իրականացվում է նախաքննություն, նախաքննությունը կտա հարցի պատասխանը, եղբայրն է Նարեկ Մկրտչյանի փոխանցել իր պայուսակը ընկերոջը, թե ընկերոջիննն է դա եղել։ Այս պահի դրությամբ առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել»,–ասաց նա։
Հարցին ինչպե՞ս է եղել, որ փախուստի էր դիմել, արդյոք իրավապահները պրոֆեսիոնալ չեն գործել, նախարարը պատասխանեց. «Ես փախուստի իրականացումը և արդյունավետությունը հավասար նժանների վրա չէի դնի, որովհետև կա օպերատիվ իրավիճակում գործելու հստակ ստանդարտներ պարեկային ծառայության համար։ Ծառայողը պիտի գնահատի իրավիճակը, հասկանա, թե ինչպես պիտի մոտեցում ցուցաբերի, և այս դեպքում եղել է նախազգուշական պրոցեսներ ընթացիկ իրավիճակի մասով, ունեցել ենք փախչող անձ, բայց վստահաբար պարեկային ծառայողը պատշաճ կերպով իրականացրել է իր առջև դրված խնդիրները, առնվազն դեպքի բացահայտումը կա, դեպքի արձանագրումը կա, դեպքի վայրում գտնված անձի ձերբակալում կա, բաժին ներկայացում կա, հայտնաբերվել են իրերը, որը սահմանվել է որպես դեպքի վայրում հայտնված ապացուցողական բազայի մաս։ Մնացածը արդեն քննչական կոմիտեն պիտի նշանակի փորձաքննություններ հասկանալու»։
Արփինե Սարգսյանը հավաստիացրեց, որ որեւէ նշանակություն չունի, որ դա Նարեկ Մկրտչյանի եղբայրն է. «Այս իրավիճակում երեկ տեղի է ունեցել իրադարձություն, որտեղ ներգրավված է եղել նաև ձեր նշած անձը, ով ոստիկանության ծառայողի կողմից ձերբակալվել է։ Մենք տվել ենք արձագանք, դեպքի վայրում հայտնված անձ, ով անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա այնտեղ է եղել, ձերբակալվել է և մնացյալ պրոցեսներն արդեն քննչական կոմիտեն նախաքննության ամբողջ գործիքակազմով թող պարզի։