azatutyun.am Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։
Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցը փոխանցում է, որ Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համաձայնության են եկել այդ հարցում միասնական դիրքորոշում հայտնել:
«Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում», – դիվանագիտական աղբյուրի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված են։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն այսօր անդրադարձել է թեմային՝ նշելով, որ լարվածության պատճառը AZAL ինքնաթիռի կործանումն է եղել և ռուս պաշտոնյաների՝ դրան հաջորդած վարքագիծը։
«Միևնույն ժամանակ, ՌԴ-ում ադրբեջանցիների հետապնդումները՝ ազգային պատկանելության հիմքով, Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծն ու սպանությունը լրացուցիչ լարվածություն են ստեղծել։ Նաև ՌԴ տարբեր պետական մարմինների՝ Ադրբեջանի դեմ գործունեությունը այն գործոններից է, որոնք բացասաբար են անդրադառնում հարաբերությունների վրա», – նշել է Այխան Հաջիզադեն։