Զորաց քարերում պեղումները վերսկսվել են․ ի՞նչ աշխատանքներ են այս պահին ընթանում հնավայրում

Օրերս ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ հնագիտական արշավախումբը վերսկսել է պեղումները, որոնք ընդհատվել էին 2018-ին։

Ըստ հնագիտական վարկածի՝ Զորաց քարերը դամբարանադաշտ է եղել, որտեղ ավելի ուշ բնակատեղի է կառուցվել։ Հնավայրից ամենահին գտածոներն ունեն 4000 տարվա պատմություն։

Պեղումների վերսկսումն առիթ է դարձել մի շարք հայտարարությունների, որոնք տարածում են հուշարձանի՝ հնագույն աստղադիտարան լինելու վարկածի կողմնակից կառույցները։ Այս կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես, պնդում են, թե հուշարձանը կարող է քանդվել, կամ դրա տարածքը ցանկանում են ապօրինի սկանավորել։

Տարածվող որոշ հայտարարությունների մի քանի օր առաջ անդրադարձել էր պեղումները ֆինանսավորող կառույցը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ ՊՈԱԿ-ից, մասնավորապես, հայտնել էին, որ պեղումնեը վերսկսվել են դամբարաններից մեկում, որի չպեղված հատվածը կոնսերվացվել էր 2018-ին։ Ի պատասխան հուշարձանը քանդելու կամ այնտեղի քարերը գողանալու մասին հայտարարություններին՝ կառույցը նշել էր՝ իրենք արշավախումբը ղեկավարող Աշոտ Փիլիպոսյանի գործողություններում անօրինական, հակագիտական գործողություններ չեն արձանագրել։

«Ինֆոքոմը» զրուցել է Աշոտ Փիլիպոսյանի հետ, որը մեզ պատմել է հուշարձանում այս պահին ընթացող աշխատանքների մասին ու պատասխանել պեղումների գործընթացի վերաբերյալ հնչած մտահոգություններին։

Գիտնականը դեռ 2014-2017 թթ․ էր ղեկավարում Զորաց քարեր բնակատեղիի պեղումները։ Այդ ժամանակ պեղվում էր հնավայրի դամբարաններից մեկը։ Աշոտ Փիլիպոսյանը հիշում է՝ 2018-ին ֆինանսական միջոցներն ավարտվեցին, ու պեղումներն ընդհատվեցին։ Իսկ 2020-ի համավարակը, պատերազմն ու այլ հանգամանքներ հետագայում խանգարեցին, որ դրանք շարունակվեն։ 

Դամբարանը, որ պեղում է արշավախումբը

Այժմ արդեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը համապատասխան միջոցներ է հատկացրել կիսատ պեղված դամբարանում աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Այս դամբարանը հուշարձանի կենտրոնական հատվածից, որտեղ շարված են անցքավոր քարերը, 70 մետր հեռավորության վրա է։ Աշոտ Փիլիպոսյանը նշում է՝ այն շատ հետաքրքիր կառույց է՝ 4 մ լայնությամբ, 8 մ երկարությամբ, 3,5 մ խորությամբ։ Գիտնականը ենթադրում է, որ հավանաբար մ․թ․ա․ 15-14 դարերում այստեղ թաղվել է սոցիալական բարձր խավին պատականող անձնավորություն։

Գիտնականները փորելով հասել են երեքուկես մետր խորության և կիրակի օրը դամբարանում հայնտաբերել քարաշար կառույցի հետքեր։ Դամբարանից ավելի ուշ թվագրվող այս կառույցի նշանակությունը դեռ պարզել է պետք։ 

«Դա կարող է ապաստարան լինել, կարող է լինել ավելի ուշ շրջանի թաղում, կարող է հոր լինել»։

Աշոտ Փիլիպոսյանն ու իր գործընկերները պեղումների վերսկսումից հետո գտել են նաև մոտավորապես մ․թ․ա 11-10-րդ դարեր թվագրվող խեցեղենի բեկորներ, հավանաբար զոհաբերված կենդանիների ոսկորներ։

Բացի Աշոտ Փիլիպոսյանից՝ արշավախմբում ներգրավված են նաև հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը և ճարտարապետ Նելլի Պետրոսյանը։ Հարցին, թե արդյո՞ք նախատեսում են աշխատանքներում նաև աստղագետների ներգրավել՝ աստղագիտական վարկածը հերքելու կամ հաստատելու համար, Աշոտ Փիլիպոսյանը պատասխանում է՝ ինքը նման առաջարկ արել է աստղագետների, սակայն դեռևս հետաքրքրված մասնագետներ չկան։

«Բայց մենք բաց ենք, այս տարածքն էլ է բաց։ Ցանկացած մարդ կարող է և՛ նայել, և՛ աստղագիտական առումով իր խորհուրդները տալ, եթե դա իսկապես համապատասխանում է աշխատանքի ծավալներին և ուղղվածությանը, որը մենք անում ենք»։

Իսկ հարցին, թե արդյո՞ք միջազգային համագործակցություն նախատեսում են՝ հաշվի առնելով հուշարձանի մեծությունն ու աշխատանքների ծավալը, գիտնականը պատասխանում է․ «Դա իմ լավագույն ցանկությունն է․ երբ ֆինանսական միջոցներ ունենանք, անկասկած կհամագործակցենք նաև արտասահմանի մեր գործընկների հետ»։ 

Ի պատասխան հուշարձանը քանդելու մասին մտահոգություններին՝ Աշոտ Փիլիպոսյանը ևս մի անգամ շեշտում է՝ տարածքը ծանր տեխնիկայով չեն պեղում։ Նա հիշեցնում է՝ ծանր տեխնիկա օգտագործել են միայն դամբարանի հսկա քարերը հեռացնելու համար՝ ամբողջ գործընթացը լուսանկարելով։ Գիտնականը նշում է՝ առաջիկա օրերին ևս ծանր տեխնիկայի կարիք կունենան՝ դամբարանախցի մեջ թափված հսկայական քարերը հեռացնելու համար։ Այս անգամ ևս կտեսանկարահանեն ողջ գործընթացը։

Ինչ վերաբերում է հուշարձանի կենտրոնական հատվածի անցքավոր քարերին, որոնք աստղագիտական վարկածի կողմնակիցներն անվանում են աստղադիտարան, գիտնականը շեշտում է՝ դրանք իրենց տեղում են, երկու տարի առաջ անգամ այդ հարցով մտահոգված մարդկանց հետ այցելել է տարածք ու հատ-հատ հաշվել քարերը։

«Որևէ մեկը որևէ քար չի էլ կարող տանել․ դրանք տոննայոց քարեր են»։

Վերջին օրերին նաև մտահոգություններ են հնչում, թե միջազգային նախաձեռնություններից մեկը հուշարձանի քարերի պատկերով NFT-ներ ստեղծելու նպատակով ցանկանում է տարածքը սկանավորելու թույլտվություն ստանալ։ Այդ նախաձեռնության մասին ինքը՝ Աշոտ Փիլիպոսյանը, տեղեկություններ չունի (հարցմամբ դիմել ենք ԿԳՄՍՆ և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք), սակայն նշում է՝ աշխատանքների ընթացքում արշավախումբը սկանավորում իրականացնելու է։

«Հուշարձանի արևելյան կողմում հերկված դաշտեր են, և հուշարձանի մի հատվածը դրա տակ է գտնվում։ Երբ որ մենք սկանավորենք այդ տարածքը, կպարզենք նաև այն դամբարանների կամ կառույցների տեղերը, որոնք հերկված դաշտի տակ են մնացել»։

Այս պահին Զորաց քարերի տարածքում դամբարանի պեղումները շարունակվում են, և Աշոտ Փիլիպոսյանը հույս ունի նոր արժեքավոր գտածոներ պեղել։

Զորաց քարերի շուրջ հետազոտությունների մասին մանրամասն կարդացեք մեր հոդվածում։

Հուշարձանի լուսանկարները՝ «Ինֆոքոմի» արխիվից