Մանկատներում ունենք խնամվող 366 անչափահաս, գերակշռող մասը ծանր և բազմակի հաշմանդամություն ունի. Տաթևիկ Ստեփանյան | 1lurer.am

1lurer.am  Մենք այս պահին մանկատներում ունենք խնամվող 366 անչափահաս, և նրանց գերակշռող մասը ծանր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ են: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման շրջանում արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցերին, թե մանկատներում քանի երեխա կա, վերջին 4 տարվա ընթացքում քանի երեխա է որդեգրվել:

«Վերջին տարիներին որդեգրման դինամիկան անխափան, անփոփոխ է. միջինում որդեգրվում է 25 երեխա, իսկ միջազգային որդեգրումները 1-ը կամ 2-ն են լինում: Հիմնականում միջազգային որդեգրման գնում են այն երեխաները, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ»,- ասաց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ պատկան կառույցը հետագայում հետաքրքրվո՞ւմ է նրանց ճակատագրի ընթացքով, և արդյոք եղե՞լ է դեպք, որ պատշաճ հսկողություն չի իրականացվել, և երեխան վերադարձվել է:

Նախարարի տեղակալը պատասխանեց. «Ներպետական որդեգրումների դեպքում օրենսդրությամբ սահմանված եռամյա հսկողության կարգավորումներ ունենք, միջազգային որդեգրումների դեպքում հնգամյա են:

Քանի որ այստեղ կենտրոնական մարմինը արդարադատության նախարարությունն է, բնականաբար, սահմանած կարգով իրականացվում է: Իմ պատկերացմամբ և տեղեկատվությամբ՝ նման դեպք չի եղել»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հիշեցրեց 2019 թվականին աղմկահարույց քրեական գործը՝ կապված երեխաների ապօրինի որդեգրման հետ, որից մինչ օրս որևէ լուր չկա: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ գործի վերաբերյալ ընթանում են դռնփակ դատական նիստեր, և որ թեմայի վերաբերյալ ՄԱԿ-ի կոմիտեում ևս հարց է ուղղվել իրեն, այնտեղ էլ պատասխանել է, որ որևէ իրազեկվածություն չունի:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որի շրջանակում երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում ավելացվում է համայնքների դերը՝ հստակ սահմանելով լիազորություններ, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված, վերապատրաստված սոցիալական աշխատողի միջոցով՝ որպես պետության կողմից պատվիրակված լիազորություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter