«Այս մեղադրական եզրակացությունը քաղաքական փաստաթուղթ է»․ Ռոբերտ Քոչարյան | azatutyun.am

azatutyun.am  «Այս մեղադրական եզրակացությունը քաղաքական փաստաթուղթ է, չի գրվել իրավաբանների կողմից, սա քաղաքական սենյակներում գրված է, կան անհեթեթություններ», – «Մարտի 1»-ի գործով դատավարության ընթացքում այսօր հայտարարեց երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանն հակադարձեց դեռ անցած տարի վերսկսված դատավարության ժամանակ դատախազության միջնորդությանը, որով դատախազությունը դատարանին առաջարկել է փոփոխել «Մարտի 1»-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքն ու իրեն ու իր նախկին ենթականերին ներկայացնել նոր` պաշտոնական լիազորություններն անցնելու մեղադրանք:

«Երկու շարժառիթ կա այս մեղադրականում. ամեն գնով պահել ցանկալի իշխանությունը և երկրորդ` այն փոխանցել Սերժ Սարգսյանին․ ինձ քննիչն էլ չպատասխանեց` ինչն է ցանկալի իշխանական համակարգ, նույնիսկ դիմել եմ արհեստական բանականությանը», -հայտարարեց նախկին նախագահը, որը 2018-ին մեղադրվեց սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Այս հոդվածը Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, ինչից հետո գործը քննող առաջին ատյանի դատարանը արդարացրել էր պաշտոնաթող նախագահին, բայց վճռաբեկը բեկանեց այն ու ուղարկեց հետ առաջին ատյան` նոր քննության:

«Ես չգիտեմ` 7 տարի իրավապահ համակարգն ի՞նչ է ուզում ինձանից», հավելեց Քոչարյանը:

Դատախազությունը, սակայն, շարունակում է պնդել` Քոչարյանի արդարացման որոշումն ուժի մեջ չի մտել, բեկանվել է, իսկ դա նշանակում է` դատավարությունը ավարտված չէ, իրենք էլ պարտավոր են նոր մեղադրանք ներկայացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter