Ռուստամ Բաքոյանը նոր կարգավորումներ է առաջարկում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում | 1lurer.am

1lurer.am  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ է առաջարկում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհրաժեշտության կամ հրաժարականի դեպքում պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարը: Մինչդեռ օրենքով կարգավորված չէ այն հարցը, թե ով է փոխարինում Մարդու իրավունքների պաշտպանին պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարի կողմից եւս պաշտոնին փոխարինելու անհնարինության դեպքում:

Նախագծով հստակեցվում են պաշտպանին փոխարինող դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները:

Ներկայումս քաղաքացիական ծառայողի կամ պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքից ազատվելու մասին դիմումի առկայության դեպքում աշխատանքից ազատվելու լիազորություն վերապահված է միայն Մարդու իրավունքների պաշտպանին: Այս իրավիճակում աշխատանքից ազատվելու մասին դիմումի առկայության դեպքում քաղաքացիական ծառայողը կամ պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձը չի կարող ազատվել աշխատանքից պաշտպանի բացակայության պայմաններում:

Խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում նաև քաղաքացիական ծառայողության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցին պաշտոնի նշանակելու լիազորության՝ միայն պաշտպանին վերապահված լինելու պայմաններում:

«Նման իրավիճակ ունեցել ենք, երբ նախորդ պաշտպանի հրաժարականից հետո մի քանի ամիս շարունակ նոր պաշտպան չէր ընտրվում, և աշխատակազմում քաղաքացիական ծառայողները և այլ պաշտոն զբաղեցնող անձինք չէին կարողանում սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից: Նախագծային կարգավորումներով պաշտպանին փոխարինողին տրվում է պաշտոնին նշանակելու և ազատելու լիազորությունները»,- նշել է Ռուստամ Բաքոյանը:

Անհրաժեշտություն է առաջացել նաև ընդլայնելու պաշտպանի՝ ԱԺ-ին ներկայացվող ամփոփ հաղորդման բովանդակությունը:

Նախագծով ավելանում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները: Վերջինս իրականացնում է մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ հարցերով հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա եւս կարող է հանդես գալ արտահերթ զեկույցներով կամ հաղորդումներով:

Պաշտպանին տրվում է հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու լիազորություն, խթանելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին ՀՀ օրենսդրության և դրա կիրարկման համապատասխանեցումը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտկան հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը նշել է, որ օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն էլ բարձրաձայնել է, որ Կառավարությունը կողմ է օրինագծի ընդունմանը և ներկայացրել գործադիրի առաջարկները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter