1lurer.am Առաջարկվում է սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող գետնահանքի երևակումներից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների ուսումնասիրության կամ գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի արդյունահանում իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացնել ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների տված համաձայնությունները: Նախարարությունը ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին ընթացք կտա նշված համաձայնությունների առկայության դեպքում միայն: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:
«Նախագծով սահմանվել է նաև գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք: Ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքը ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառն է, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ընդերքօգտագործողի գործունեությունը կասեցնելու նպատակով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում համապատասխան տեղեկատվությունը՝ հիմնավորող փաստաթղթերով»,- ասաց նա:
Գետի հունի փոփոխության վտանգը կանխարգելելու նպատակով նախատեսվում է գետավազի հուների արգելապատնեշների կառուցապատման նպատակով մեկանգամյա թույլտվություն տրամադրել:
«Մեկանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, աշխատանքների իրականացման տևողության ծավալի վերաբերյալ տեղետատվությունը փոխանցել տեսչական մարմնին աշխատանքները սկսվելուց 3 օր առաջ»,- ասաց նա:
Սահմանվել է նաև վարչական պատասխանատվություն գետի հունից ավազի արդյունահանում իրականացնելու դեպքում 20 մլն դրամի չափով: Ընդերքօգտագործման իրավունքի գործողության ընթացքում նույն արարքը կրկին կատարելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը ենթակա է դադարեցման:
Սահմանվել է՝ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես GPS համակարգով կահավորված և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով: Պահանջը խախտելու դեպքում նախատեսվում է շուրջ 5 մլն դրամի չափով վարչական պատասխանատվություն: