Չենք չեղարկում, բայց տալիս ենք էական արտոնություններ. Ավինյանը՝ ավարտական ակտ չստացած շենքերի գույքահարկի մասին | 1lurer.am

1lurer.am  Առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող, այսինքն՝ ավարտական ակտ չստացած շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները: Այդ մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 9-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը:

Սահմանված կարգավորումների համաձայն՝ 2023 թվականից մեկնարկած կառուցապատման ծրագրերի վրա հաշվարկվում է չկառուցված շենքի, անավարտ շենքի անշարժ գույքի հարկ, սակայն, ըստ Դավիթ Հակոբյանի, կան խնդիրներ, որոնք լուրջ մարտահրավերներ են ստեղծում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում:

«Զուգահեռ ավելանում է նոր ու չնախատեսված ֆինանսական բեռ՝ ի դեմս դեռևս չավարտված և կառուցման փուլում գտնվող շենքի համար առավելագույն ավարտվածության գործակցով հաշվարկվող անշարժ գույքի հարկի: Արդյունքում բազմաթիվ կառուցապատողներ ապագայում կհայտնվեն սնանկության եզրին, 1000-ավոր ընտանիքներ չեն ստանա իրենց խոստացված բնակարանները, կառաջանան տնտեսական ծանր հետևանքներ, երկրի ներդրումային միջավայրը կկրի ռիսկեր, կնվազեն նոր կառուցապատման ծրագրի մեկնարկի տեմպերը, ինչը բացասական անդրադարձ կունենա բիզնես միջավայրի վրա:

Հաշվի առնելով կառուցապատման շուկայում խորացող խնդիրները, սնանկությունների և ձախողումների առավել ռիսկայնությունը՝ առաջարկվում է հնարավորություն տալ Երևան քաղաքի ավագանուն՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ կիրառել արտոնություններ:

Առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ կարող են սահմանվել նաև Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ, ընդ որում՝ ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ անշարժ գույքահարկի գծով կարող է կիրառվել 2023-2025 թվականները ներառյալ հաշվարկված և չվճարված հարկի արտոնություն 25 տոկոսի չափով և նույն ժամանակահատվածի համար՝ սահմանված տույժերից ազատում: Արտոնությունների կիրառումից հետո ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված մնացած հարկի գումարի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ արտոնություները.

մինչև 50 հազար քառակուսի մետր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023-2025 թվականը ներառած, հաշվարկած հարկի նվազեցում ևս 25 տոկոսի չափով.

50 հազար և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023-2025 թվականը ներառած, հաշվարկված հարկի նվազեցում 50 տոկոսի չափով»,- ասաց նա:

Ըստ հիմնական զեկուցողի՝ արտոնությունները չեն կարող կիրառվել, եթե մինչև արտոնության տրամադրումը կառուցապատողին տրամադրվել է ավարտական ակտ, շինարարության թույլտվության ժամկետը լրացել է, և շինարարության թույլտվության ժամկետը սահմանված կարգով չի երկարաձգվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց նախագիծը՝ նշելով, որ խոսքը 5-10 մլրդ դրամի մասին է՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կառուցապատողների միությունը և տարբեր կառուցապատողներ այս խնդրի մասին բարձրաձայնել են:

«Ի՞նչն է խնդիրն առհասարակ: Երբ շենքն ամբողջական գնահատման է ենթարկվել՝ ոչ առանձին-առանձին բնակարաններով, իր չափը, արժեքը շատ ավելի մեծ է եղել, քան եթե առանձին-առանձին բնակարաններով գնահատվեր, և շատ կառուցապատողներ, հաշվի առնելով մի փոքր ավելի դանդաղ վաճառքի տեմպերը, սկսել են ֆինանսապես նեղվել:

Նախաձեռնությունը, որ քննարկվում էր, օրենսդրական նախաձեռնություն էր էկոնոմիկայի նախարարության կողմից, առհասարակ, բացի տույժերից և տուգանքներից, գոյացած հարկը չեղարկում էր: Մենք, բանակցելով մեր գործընկերների հետ, որոշակի լուծումներ առաջարկելով, կարծում եմ՝ ճիշտ ճանապարհի վրա ենք այն առումով, որ մենք չենք չեղարկում, բայց տալիս ենք էական արտոնություններ, հանում ենք բուն բնակարաններից դուրս համարվող հատվածը, կիրառում ենք 0,25 գործակից, նաև դրա հետ մեկտեղ կիրառում ենք մինչև 50 հազար քառակուսի մետրը 25 տոկոս, 50 հազարից ավելի դեպքում 50 տոկոս արտոնություն ենք տալիս:

Իհարկե, Երևանի մասով այս ձևով խնդիրը որոշ չափով մեղմվում է կառուցապատողների համար, բայց կարծում եմ՝ նմանատիպ լուծումներ պետք է տան նաև այլ համայնքներ, եթե այլ համայնքներում այդ խնդիրը կա»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև