civilnet.am «Կանանց բարոյականության հարցը հաճախ է չարաշահվում քաղաքական նպատակներով, և սա անընդունելի է: Նման քաղաքական մթնոլորտը շարունակում է ծառայել հայրիշխանական գենդերային նորմերին, որոնց հիմնական նպատակը կանանց և այլ համակարգայնորեն անտեսված ձայների լռեցումն է»։ Նման հայտարարություն է տարածել «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունը՝ անդրադառնալով վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Կազմակերպությունը հավելել է, որ թեև ոչ մի կերպ չեն արդարացնում Թովմասյանի պահանջը, բայց Հովհաննիսյանի հնչեցրած մտքերը սեքսիստական բնույթ ունեն։
Ընդդիմադիր կին պատգամավորները նույնպես հայտարարություն են արել՝ դատապարտելով Հովհաննիսյանի հնչեցրած հայտարարությունները։
[…]
Թովմասյան- Հովհաննիսյան բանավեճ․ ինչ է տեղի ունեցել
Ազգային ժողովում սեպտեմբերի 8-ին հերթական «փոխհրաձգությունն» էր։ Իրադարձության կենտրոնում այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էին։
Օրերս խորհրդարանում Թովմասյանի ճեպազրույցի ժամանակ միջանցքով անցնող
Հովհաննիսյանը ռեպլիկ է նետել՝ հորդորելով լրագրողներին հարցնել Թովմասյանին, թե ինչու նիստերին չի մասնակցում:
Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորը նամակ է գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով, թե Արթուր Հովհաննիսյանի նման վարքագիծը գուցե կողմնակի նյութերի ազդեցության հետևանք է և պահանջել՝ իշխանական պատգամավորն ամեն անգամ խորհրդարան մտնելիս թմրանյութերի օգտագործման թեստ պետք է հանձնի:
Հովհաննիսյանի պատասխանը չի ուշացել. «Դուք լրագրող եք բոլորդ, ոչ ոք երեք-չորս հատ տուն չունեք, չէ՞ Հյուիսիսային պողոտայում: Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ չորս հատ տունը իրեն որտեղից»։
Ապա ՔՊ խմբակցության քարտուղարը վստահեցրել է, որ ինքը կաշկանդված չէ թմրանյութի թեստ հանձնել, բայց դա կանի, միայն եթե հանրությունը նման պահանջ դնի։
Հովհաննիսյանն սպառնացել է կասկածի տակ դնել Թովմասյանի սեռային պատկանելությունը։ Լրագրողների արձագանքից, թե իր այս որակումներով սեռով պայմանավորված խտրական վերաբերմունք է դրսևորում, Հովհաննիսյանը պատասխանել է. «Կինը կարող ասել է՝ ինչ ուզի, բայց տղամարդը պատասխանում է կնոջ անբարոյական մեկնաբանություններին ու իր հասցեին վիրավորանքին, գալիս է՝ վայ, դե կին է: Դե կին է, թող իրան կնոջ պես պահի»:
Այս հարցազրույցից հետո Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Արթուր Հովհաննիսյանի մորը՝ խնդրելով բացատրել իր որդուն, որ չի կարելի կնոջ մասին նման բառապաշարով խոսել։ Հովհաննիսյանն էլ նույն հարթակում դիմել է «Պատիվ ունեմ» դաշինքին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հորդորելով «զբաղվել Թագուհի Թովմասյանի դաստիարակությամբ»: