1lurer.am Առաջարկվում է հստակեցնել ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) կարգավիճակը և հնարավորություն ստեղծել առավել համակարգային կարգավորումների նախատեսման համար:
«Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվող լրացումը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ, Ազգային ժողովը հերթական նիստում քննարկել է առաջին ընթերցմամբ:
Առաջարկվում է օրենքով սահմանել, որ սահմանային վերահսկողությունը պատշաճ իրականացնելու նպատակով գործում է ՍԷԿՏ համակարգը, օրենքով նախատեսել, թե համակարգում ինչ տվյալների համախումբ պետք է ներառվի և արտացոլվի: Նախատեսվում է սահմանել համակարգին հասանելիություն ունենալու և տվյալներ մուտքագրելու ընդհանուր պայմանները, նաև հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակը:
Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նախատեսվում է ենթաօրենսդրական ակտի ընդունումը:
Օրենքը սահմանելու է, թե այս համակարգում մշակվող տվյալներն ինչ նպատակով կարող են օգտագործվել: Դա սահմանափակելու է Կառավարությանը ՍԷԿՏ համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը սահմանելու հարցում:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կարևորել է օրինագծի ընդունումը, նշել, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել մարդու անձնական տվյալների պաշտպանության խնդրին, ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկի ընդլայնման կամ կրճատման, քաղաքացու` համակարգում իր վերաբերյալ առկա տեղեկատվությանը հասանելիություն ունենալու հնարավորությանը: