«Դոնեցկի դատարանի» որոշումը՝ Հայաստանում կալանավորման հիմք․ իրավապաշտպանն ահազանգում է | civilnet.am

civilnet.am Հայաստանում ժամանակավոր՝ 40 օրով կալանավորվել է Վրաստանի քաղաքացի Գիորգի Նոդարի Կինոիանին: Կալանավորման հիմքում ընկած է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գերագույն դատարանի վճիռը։ Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սա որակում է վտանգավոր նախադեպ, որով Հայաստանը ոչ միայն օրինականացնում է անօրինական կազմավորման որոշումը, այլև դառնում է քաղաքական հետապնդման մասնակից։ Ավելին, ըստ Սաքունցի, Վրաստանի ոստիկանությունը նույն անձի վերաբերյալ տրամագծորեն հակառակ որոշում է կայացրել՝ ԴԺՀ-ն որակելով «ինքնահռչակ հանրապետություն», որի որոշումները չեն կարող իրավական հիմք լինել։

Սաքունցի խոսքով՝ 2025-ի սեպտեմբերի 5-ին Լոռու մարզի դատախազ Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1996-ին ծնված Գիորգի Կինոիանիի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Կալանավորման որոշման հիմքը եղել է ՌԴ իրավասու մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը՝ ՌԴ Քրեական օրենսգրքով (վարձկանի մասնակցությունը [Ուկրաինայի] զինված գործղություններին)։ Ձերբակալման արձանագրությունը ստորագրել է ոստիկանության ավագ լեյտենանտ Մհեր Սաթուրյանը։

Ըստ Սաքունցի՝ հայկական կողմին տրամադրված փաստաթղթերում առկա է ԴԺՀ-ի գերագույն դատարանի՝ 2024-ի հոկտեմբերի 25-ի դատավճիռը, որի վրա ռուսերեն գրված է․ «Верховный суд Донецкой Народной Республики, приговор именем Российской Федерации» (Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարան, դատավճիռ՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության)։

«Սա ուղղակի միջազգային մեծ սկանդալ է»,- նշում է իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի խոսքով՝ հայկական դատարանը, ընդունելով ԴԺՀ-ի որոշումը, անտեսել է այն հանգամանքը, որ այդ կազմավորումը ՄԱԿ-ի անդամ չէ և ճանաչված չէ նաև Հայաստանի կողմից։ Իրավապաշտպանը նշում է, որ սա ստեղծում է ռիսկեր, քանի որ Հայաստանը փաստացի կատարում է մի կառույցի որոշում, որը լեգիտիմ չէ։

«Դա քիչ է, հիմա էլ ապօրինի կազմավորման, ապօրինի դատարանի որոշումն ես հիմք ընդունում։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ բան է։ Այ սա է ռիսկերը»,- ասում է նա։

Սաքունցը մանրամասնում է, որ ձերբակալման մասին որոշումը ստորագրել է ոստիկանության աշխատակից Մհեր Սատուրյանը, դատարանում հայցը պաշտպանել է դատախազ Կարապետյանը, իսկ որոշումը կայացրել է դատավոր Լուսինե Սեփխանյանը։

«Սրանք բոլորը անհապաղ պետք է հեռացվեն աշխատանքից՝ նվազագույնը, եթե չասենք, որ քրեական գործ պետք է հարուցվի այս բոլոր անձանց նկատմամբ՝ օրենքով չճանաչված դատարանի, այսինքն՝ ապօրինի դատարանի կողմից մարդու նկատմամբ մեղադրանքը հիմք ընդունելու, մարդուն թե՛ ձերբակալելու, և թե՛ կալանավորելու համար»,- եզրափակում է Սաքունցը։

Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, սահմանափակված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և չպետք է առաջնորդվի Քիշնևի կոնվենցիայի պարտավորություններով այնպիսի երկրների հետ հարաբերություններում, ինչպիսիք են Ռուսաստանն ու Բելառուսը, որտեղ իրավունքները խախտվում են, իսկ իրավական համակարգերն օգտագործվում են քաղաքական հետապնդումների համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ