Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված լիազորությունների շրջանակում. ՀԾԿՀ նախագահ | 1lurer.am

1lurer.am  Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված լիազորությունների շրջանակում և ժամանակավոր կառավարչի՝ իրեն տրված լիազորությունների շրջանակում, իսկ ժամանակավոր կառավարիչն այս պահին կատարում է ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի նիստին ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռոմանոս Պետրոսյանն իր հետ քննարկո՞ւմ է ՀԷՑ ժամանակավոր կառավարչի գործառույթները:

«Ինձ հետ այդ գործողությունները համաձայնեցնելու կամ քննարկելու պարտադիր պահանջ չկա, և մենք նման քննարկումներ չենք ունենում»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը դիտարկում արեց, թե ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը չեն կատարվել, սակայն ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը հաստատվել են Մեսրոպյանի գլխավորած հանձնաժողովում, և որ վերջինս երբևէ ոչ մի հատուկ կարծիք չի հայտնել դրա մասին: Բացի դրանից՝ ներդրումային ծրագրերը, որոնք հաստատված են տարեկան պլանում, ըստ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի, Մեսրոպյանի անմիջական հսկողության ներքո փոփոխվել են՝ առաջնայինից տեղափոխվելով երկրորդային պլան, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի հոսանքի ցանցն արդիականացնելուն, բաշխիչ ցանցերի հզորությունն ապահովելուն ուղղված որոշումները, որոնց մասով ՀԾԿՀ նախագահն իր համաձայնությունն է տվել: Այս համատեքստում պատգամավորը նկատեց, որ այս ամենից հետո է, որ որոշվել է ՀԷՑ-ը հանձնել ժամանակավոր կառավարման:

Մեսրոպ Մեսրոպյանն իր ամփոփիչ ելույթի ժամանակ արձագանքեց. «Ես գործել եմ բացառապես էներգետիկայի մասին լրամշակված օրենքով՝ ինձ տրված օրենքի լիազորությունների շրջանակում, այսինքն՝ երբ եղել է Կառավարության լիազոր մարմնի նեկայացուցչի, այն է՝ ՏԿԵ նախարարի հաղորդագրությունը ՀԷՑ ՓԲԸ-ի վերաբերյալ, նույն օրենքի պահանջի համաձայն, ինձ տրված իրավունքով, հարուցել եմ վարույթ, և այժմ վարույթն ընթացքի մեջ է:

Վարույթի վերաբերյալ լրացուցչ այլ տվյալներ չեմ կարող ասել: Ավարտից հետո այն բնականաբար կհանրահռչակվի, բոլորը տեղյակ կլինեն արդյունքների մասին»,- ասաց նա:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե ինչու չի կատարվում Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, Մեսրոպյանը նախ խնդրեց հարցը ուղղել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին կամ նրա գրասենյակին, ապա պարզաբանեց. «Ես այս պահին միջազգային արբիտրաժի վեճի կողմ չեմ և իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն