Ուզում էիք անակնկալ՝ արեցինք. սա շատ կարևոր մեկ քայլ առաջ էր. Եղիշե Մելիքյանը` Հայաստան-Իռլանդիա խաղից հետո | 1lurer.am

1lurer.am ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը  «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ:

Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփելով հանդիպումը՝ պատասխանել է լրագրողների հարցերին:

Մելիքյանն ընդգծել է. «Վերջին պահը ֆուտբոլում միշտ ամենաբարդն է: Ամեն դեպքում գոհ եմ, երկու գոլը մեզ հաղթանակ պարգևեցին: Չեմ ցանկանում մտածել այն գոլերի մասին, որոնք չկարողացանք խփել»:

Անդրադառնալով պաշտպաններին վերաբերող հարցին, Մելիքյանն ասել է՝ որևէ մեկին չի ուզում առանձնացնել:

«Չեմ  առանձնացնի որևէ մեկին, կխոսեմ ընդհանուր պաշտպանության մասին: Երբ մենք 5:0 պարտվեցինք, ես ձեր դիմաց նստած էի, բայց շատ տխուր չէի, որովհետև ես եմ թիմի լիդերը, ինձ չպետք է տեսնեն կոտրված և տխուր: Քննադատեցին, շատ լավ, բայց կային մարդիկ, որոնք 5:0-ից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը: Մի քանի օր չեմ քնել, որպեսզի կարողանայինք ուրախություն պարգևել մեր երկրպագուներին:

Չեմ ցանկանում ուռճացնել այս հաղթանակը, բայց սա շատ կարևոր մեկ քայլ առաջ էր:

Մի բան եմ խնդրում՝ մի նեղացրեք մեզ, հավատացեք մեզ: Առանց այդ էլ մեզ համար դժվար է, քանի որ շատ խնդիրներով հավաքական ունենք: Քննադատելը ամենահեշտ բանն է: Ես 5:0-ից հետո ինձ մենակ չզգացի և շնորհակալ եմ այդ մարդկանց»,- ասել է նա:

Ըստ Մելիքյանի, այսօրվա հաղթանակում մեծ է նաև երկրպագուների ունեցած հավատն ու վստահությունը: Ըստ նրա, շատ խնդիրներ կան, որոնք աշխատելու են խաղ առ խաղ լուծել:

Անդրադառնալով խաղի մարտավարությանը, Մելիքյանն ասաց՝ Պորտուգալիայի դեմ խաղի համեմատ լիովին փոխել էին մարտավարությունը:

«Ուզում էիք անակնկալ, մենք այսօր արեցինք»,- ասել է Մելիքյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև