Ըստ քիմիկների գործի օպերացիայի մեկնած զինծառայողը մեկ այլ գործով մեղադրվում է նույն օրերին դասալքության մեջ. նա դեպքից մանրամասներ է պատմում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի 62-հոգանոց խմբի շրջափակման մեջ ընկնելու գործով որպես վկա երեկ Հակակոռուպցիոն դատարան էր կանչվել զորահավաքային կազմով զորակոչված շարքային Գեւորգ Եդիգարյանը, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, մեկ այլ քրեական գործով մեղադրվում է նույն ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 17-ից 24-ը, զորամասը ինքնակամ թողնելու մեջ։

Վկայի հարցաքննության ընթացքում այս հանգամանքը հրապարակեց գործով մեղադրյալ, ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ վկայից հավաստիանալով՝ դատական տեղեկատվական համակարգում առկա այդ տեղեկությունը ի՞ր մասին է։ Դրական պատասխանից հետո պաշտպանը նաեւ հարցրեց՝ վկան պնդո՞ւմ է իր այն ցուցմունքը, որ տալիս է քիմիկների օպերացիային մասնակցելու վերաբերյալ։ Վկան դարձյալ դրական պատասխանեց՝ վերահաստատելով, որ ինքը քիմիկների հետ է եղել, եւ իր համար էլ առ այսօր մութ է այդ մեղադրանքի գոյությունը․

– 600-ից ավելի անձինք նույն 525-րդ հոդվածով գալիս են Սյունիքի դատարան, պայմանականով 1-3 տարի տալիս են, տենց գիտեմ ես,- հայտնեց վկան։

Ձախից՝ Անդրանիկ Մակարյանը, Ամրամ Մակինյանը

Պաշտպան Մակինյանը, դիմելով դատարանին, հայտարարեց, որ առկա է հակասական իրավիճակ․ «Ի՞նչ է ասվում Դատալեքսում, ասվում է, Դուք, հարգելի՛ Եդիգարյան, հոկտեմբերի 17-ից 24-ը, կներեք, փախել եք, հիմա այս գործով մարդը եկել, իրադարձություն է պատմում՝ ես գնացել եմ, մասնակցել եմ, եկել եմ զորամաս․․․Հարգելի՛ դատարան, կամ էս մարդը ծայրից ծայր ճիշտ չի ասում եւ չի եղել էնտեղ, այլ եղել է զորամասը լքած, կամ այս մեղադրանքը, որ բերել է նույն Զինվորական դատախազությունը, բերել է նրա համար, որ զորամասը ինքնակամ լքելու դեպքերը շատանան, որ ասեն՝ գիտե՞ք՝ ինչ կա, կներեք, բայց էսքան դասալիք է եղել»,- նշեց Մակինյանը։

Տուժողների իրավահաջորդները համաձայնեցին դասալիքների թվերը արհեստականորեն մեծացնելու վարկածին՝ հայտարարելով նաեւ, որ դեպքին մասնակից, սակայն այժմ դասալքության մեջ մեղադրվող մյուս զինծառայողներին քիմիկների հետ առաջադրանքի են ուղարկել մեղադրանքները հետագայում հանելու պայմանով․ «Ասել են՝ քիմիկների հետ գնում եք, եթե չէ, соч (самовольное оставление части или места службы) եք գնալու (նկատի ունեն՝ մեղադրվելու եք դասալքության մեջ)»,- նշեցին նրանք։ Վկան հաստատեց այս տեղեկությունը։

Պաշտպանի հայտարարությանը արձագանքեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը՝ հայտնելով, որ թեեւ ինքը այդ գործով հսկող դատախազ չէ եւ մանրամասներին չի տիրապետում, սակայն ինքնին այդ մեղադրանքի առկայությունը չի բացառում վկայի՝ քիմիկների օպերացիային մասնակից լինելը, քանի դեռ առկա չէ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ. «Դատաքննության ընթացքում օգտագործվում է առիթը, եւ իրականացվում է բառերի եւ փաստերի աճպարարություն (ես բացասական իմաստով չեմ ասում), եւ բարձրացվում է մի հարց, որը որեւէ կապ չունի սույն վարույթի հետ։ Ակնարկը նրանում է, որ Դատախազությունը ոչ պատշա՞ճ է կատարում իր պարտականությունները թե՞ ակնարկը եւ նպատակը նրանում են, որ Դատախազությունը արձագանքի։ Ես չգիտեմ, չեմ ուզում արձագանքել, բայց կարծում եմ՝ եթե այս հանգամանքը հուզեց պաշտպանին, եւ ես հասկանում եմ նրան, շատ բարի, կարող ենք վկային հարցեր հղել, գտնել այդ փաստաթղթերը, կատարել հարցումներ, բայց ոչ թե դա ներկայացնենք իբրեւ թվեր են ուռճացնում։ Եթե հարգելի պաշտպանը հարկ կհամարի, մանրամասնորեն կարող ենք ներկայացնել՝ անձը ինչում է մեղադրվում, ինչ փաստական հանգամանքներում։ Ես այդ վարույթով հսկող դատախազ չեմ եւ չեմ տիրապետում, բայց վստահեցնում եմ, որ ցանկացած տեղեկություն թափանցիկ, բաց հասանելի կլինի Ձեզ»։

Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանն էլ ամփոփելով ասաց, որ քննարկումը լսեց վկայի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելու առումով, իսկ մյուս հարցերը դատարանին չեն հետաքրքրում։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ այս գործով վկա Գեւորգ Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հայտարարված «Ռազմական դրության» պայմաններում՝ զորահավաքային զորակոչով զորակոչված լինելով ՀՀ զինված ուժեր, ՀՀ ՊՆ N զորամասում ծառայության նշանակվելուց հետո, մարտական կիրառման շրջանից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին վերադարձել է զորամասի մշտական տեղակայման վայր, որից հետո՝ հոկտեմբերի 17-ին,  զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է զորամասը եւ միայն հոկտեմբերի 24-ին ներկայացել է ՀՀ ՊՆ N զորամաս՝ այդ կերպ ծառայությունից բացակայելով 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ։ Գեւորգ Եդիգարյանը դասալքության մեղադրանքը չի ընդունել։

Նիստից հետո մեր հարցին ի պատասխան նա հայտնեց, որ իր գործով դատական նիստի ժամանակ դատախազից էլ է հետաքրքրվել՝ այդ ինչպե՞ս է ինքը լքել զորամասը, եթե հոկտեմբերի 21֊ին քիմիկների հետ մարտական առաջադրանքի է մասնակցել, սակայն դատախազը, ըստ նրա, հարցին պատասխան չի ունեցել։

Պարզաբանման համար «Ինֆոքոմը» դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից հայտնեցին միայն՝ դատախազը իր դիրքորոշումը հայտնում է դատական նիստի ընթացքում։

Ըստ վկայի՝ իրենց ասվել է՝ 99 տոկոսով մարտի մեջ չեն մտնելու

Հանրային մեղադրողը

Վկա Գեւորգ Եդիգարյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմին մասնակցել է զորահավաքային կազմով, սեպտեմբերի 29-ից գտնվել է Կապանի գնդում, մարտական առաջադրանքի է մասնակցել նախ Ջրականում, ապա՝ Կովսականում։ Շեշտեց՝ զորակոչվել է որպես հրետանավոր, եւ իր համար զարմանալի է, որ իրեն առաջադրանքի են ուղարկել որպես հետախույզ։ Ավելի ուշ, արձագանքելով վկայի այս դիտարկմանը, պաշտպան Մակինյանն ասաց՝ հետախուզության մասին չէ խոսքը, այլ հետախուզական դետքի, որի նպատակները Մարտական կանոնադրությամբ լրիվ այլ են։

Վկայի խոսքով՝ հոկտեմբերի 20-ին զինծառայող Գեւորգ Նահապետյանն է (հայտնի է Գիվի մականունով) իրենց փոխանցել գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի առաջադրանքը՝ մեկնել Զանգելանի ուղղությամբ՝ «սանրում» գործողության. «Ասաց՝ հրետակոծություն է եղել, 10-15 հոգի մտել է մեր տարածք, ռազվետկա ենք անելու, հենց մարդ տեսնենք, կապ տանք, գործողությունն ասեն, ասաց՝ 99 տոկոսով մարտի մեջ չեք մտնելու»։

- Ի՞նչ հասկացաք «սանրում» գործողությունից, ի՞նչ պետք է անեիք,- հետաքրքրվեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։

- Որ ստուգենք՝ հակառակորդ կա թե չէ։

- Այսինքն՝ տվյալներ կային, որ հրետակոծության արդյունքում 10-15 հոգի մտել էին մեր տիրապետության տակ գտնվող գյուղ, պիտի ստուգեի՞ք։

- Դե ինչ ասել են, էդ եմ ասում։

- Ո՞ր գյուղ։

- Զանգելան, բայց մենք հանքի մոտ պիտի կանգնեինք, մեզ ռացիաներ բաժանեին, գյուղից էլ էին մարդիկ լինելու տարածքը իմանալու համար, որ մեզ ուղեկցեին։

- Տարբերակում կա՞ր՝ դուք՝ հետախույզներովդ, ինչ էիք անելու, եւ քիմիկները ինչ էին անելու։

- Չէ, ստուգել՝ մարդ կա թե չէ, լինելու դեպքում կապ տալ։

- Գիվին գալո՞ւ էր։

- Ասաց՝ հա, բայց ինքը Ներքին Հանդի ուղղությունով գնացած խմբի հետ էր։

- Իսկ դուք ու՞մ պիտի ենթարկվեինք։

- Սկզբում հրամանատար չի եղել, հասնեինք հանք, նոր․․․

- Առավոտյան՝ մինչեւ գնալը, հրահանգավորում չի՞ եղել։

- Սովորական շարվել ենք, բռոնի, կասկա, գրանատ, ԱԿ74 ենք ստացել մեր 12-հոգանոց խմբով։

- Անցակետ տեսե՞լ եք։

- Չէ, ես ավտոբուսի վերջում էի, քնել էի։

- Երթի ընթացքում կանգառ եղե՞լ է։

- Չէ․․․ 10-15 ր կանգնել ենք բենզալցակայանում, որտեղ բաժանվել ենք (մի խումբը, ինչպես հայտնի է, Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ շարժվել է Ներքին Հանդի ուղղությամբ, մյուս՝ վկայի խումբը՝ քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանի գլխավորությամբ, Կովսականի ուղղությամբ,- հեղ․), դրանից հետո կանգառ չի եղել, չեմ հիշում։ Հիշում եմ մենակ էն, որ Կատանյան Դավիթն ասաց՝ սարի վրա մարդ եմ տեսնում, ոնց որ մերոնցից չեն․․․ Երկրորդ անգամ էլ որ տեսանք, վարորդին գոռաց՝ կանգնի, սա զասադ է։

Վկայի խոսքով՝ հակառակորդը մի գումարտակի չափ է եղել

Եդիգարյանի խոսքով՝ ավտոբուսներից իջնելուն պես ցրվել են անտառով մեկ, 2-3 րոպե անց մարտը սկսել է։ Տեւել է մոտ 30-40 րոպե։ Դատավարության մասնակիցները վկային մի շարք հարցեր հղեցին։

- Ի՞նչ էիք անում անտառում,- հարցրեց մեղադրողը։

- Մարտ էինք վարում․․․ Մենք՝ 7 հոգով, եռանկյունաձեւ պատի մոտ էինք։

- Սպա կա՞ր, որ հրահանգավորեր։

- Միայն Բադեյանն է եղել։

- Դուք հակառակորդին տեսե՞լ եք։

- Այո, 3-4 նռնակ ես եմ նետել։

- Ինչքա՞ն հեռավորության վրա էին։

- Էնքան էին մոտեցել, մտածում էի՝ հեսա գալու են, զենքը ձեռքիցս տանեն։

- Ինչի՞ց էր այդ տպավորությունը։

- Մոտիկությունից, ձայնից, գոռում էին իրենց լեզվով․․․

- Ասացիք՝ ինտենսիվ կրակ էին վարում, ինչո՞վ։

- Ավտոմատ, ПК, РПК, երեւի СВД։

Մոտ կես ժամ անց, ըստ վկայի, տեսնելով, որ այլեւս չեն կարողանում դիմակայել, նահանջել են․ «Մեզ ասել էին 10-15 հոգի են (նկատի ունի՝ հակառակորդը,- հեղ․), բայց ձայները որ լսեցինք, պարզ էր, որ մի գումարտակ է, չէինք կարողանում պահել, գռանատը գցել ենք, արդեն համարյա մեր վրա էին եկել, հասել»։

Գեւորգը պատմեց, որ մյուս հետախույզների հետ գետի ուղղությամբ է գնացել, եղեգների դաշտով շրջանցել, մոտ 20 րոպե բարձրացել Կիրի հանք՝ այնտեղ, ուր ի սկզբանե պետք է կանգ առնեին․ «Զանգում ենք Վարդանյանին (իր անմիջական հրամանատարն է,- հեղ․), նա զորամասում էր, ասում ենք՝ որտեղ էինք, ասում է՝ դուք էդտեղ չպիտի լինեիք․․․ Գետը որ անցանք, հասանք մեր տղաների մոտ, մի փոխգնդապետ եկավ, հարցրեց՝ ովքեր ենք, ասացինք, չհավատաց, ասաց՝ ձե՞ռ ես առնում, դեմը թուրքն է, էդտեղից ո՞նց եք գալիս, մեզ զինաթափում են, զանգում են զորամաս, ճշտում․․․»։

Գուրգեն Գրիգորյանը

Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ երբ Վարդանյանին զանգեցին, նա տեղյա՞կ էր քիմիկների շրջափակման մեջ ընկնելու մասին։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ եթե չի սխալվում, չէ, իրենցից է տեղեկացել։

- Ձեր 7 հոգով դո՞ւրս եկաք։

- Ճանապարհին մերոնցից մի հոգի մնաց՝ Սաշը (Ալեքսանդր Բաբայան,-հեղ․), ոտքը կոտրվել էր․․․ Ֆռացել եմ՝ իրեն օգնելու, քաշել եմ ղամիշների (եղեգների) մեջ, ասել եմ՝ սպասի, օգնական ուժերը կգան․․․

- Բա ձեր մյուս 5 հոգի՞ն։

- Իրենք արդեն առաջացել էին, հակառակորդը ղամիշների մեջ էլ էր կրակում։

- Ձեր հետ եղած Մասիսի տղաները զինվորակա՞ն էին։

- Չէ, սովորական մոբ։

- Ի՞նչ տեղեկություն ունեք նրանց ունակությունից՝ ավտոմատին, ПК–ին տիրապետե՞լ են։

- Մենակ ես ու Դավիթն ենք կարողացել զենքին տիրապետել։

- Դուք ընդհանուր առմամբ պատրա՞ստ էինք այդ գործողությանը։

- Մենք ընդհանրապես պատրաստ չէինք։

Վկայի տեղեկություններով՝ օգնության մեկնած ուժերն էլ են շրջափակման մեջ ընկել

Վկա Գեւորգ Եդիգարյանը հայտնեց՝ զորամասում իրենց մոտեցել է միայն հիշյալ հրամանատար Վարդանյանը, հայտնել, որ օգնական ուժեր են ուղարկվել, բայց իր տեղեկություններով՝ այդ ուժերը, ընկնելով շրջափակման մեջ, կեսից հետ են դարձել։

- Դրանից հետո Գիվիին տեսե՞լ եք, հարցրե՞լ եք՝ էս ի՞նչ եղավ։

- Ասել է՝ ոնց դուք, նենց էլ մենք․․․ Քար, բան չկար, որ թաքնվեինք․․․ (նկատի ունի այն բաց դաշտը, որի պատճառով, ըստ ցուցմունքների, երկրորդ խումբը նահանջել է՝ չմոտենալով շրջափակման մեջ հայտնված քիմիկներին,-հեղ․)։

- Տեղի ունեցած դեպքի հետ կապված քննարկման մասնակցե՞լ եք հետո։

- Ոչ։

- Որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ինչու է ստացվել այդպես։

- Բան չեն ասել։

- Դուք փորձե՞լ եք պարզել։

- Մեր տղաների հետ ենք խոսել։

- Ձեզ հետ մեկնած քիմիկների հրամանատարը հանդիսացել է Արսեն Աբգարյանը, գիտեի՞ք, որ ձեզ հետ է եղել, հայտնվել դարանի մեջ։

- Ըստ խոսակցությունների։ Գիտե՞ք՝ մենք որ դուրս ենք եկել էդ հոգեբանական վիճակում․․․ Մարդ կար՝ չէր կարողանում խոսել, նրան մարդ չի մոտեցել․․․ Մեկ օր հետո էլ գնացել ենք այլ գործողության,- հայտնեց վկան՝ հավելելով, որ մինչեւ դեկտեմբերի 5-ը ծառայության մեջ է եղել։

- Ձախողված օպերացիայի համար ո՞վ է մեղավոր,- վկային հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։

- Հրամանատարը։

- Ո՞վ է հրամանատարը։

- Մակարյանը․․․ Եթե լիներ հրաման, եթե ճիշտ գործողություններ կատարեին․․․ Իմ հերն ու մերը մահացել են, նույն հաջողությամբ ես էլ կարող էի էստեղ չլինել, իմ կինն էլ պիտի անչափահաս էրեխու մենակով մեծացներ։

Հիշեցնենք՝ քիմիկների 62-հոգանոց զորքը 2020թ․ հոկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կիրի հանք տեղանք՝ «սանրում» գործողության։ Ստացվել է այնպես, սակայն, որ նշված վայրում՝ իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ․ զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Դատարանում վկաների հարցաքննություններից պարզ է դարձել, որ Կիրի հանքի տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում, ինչպես ծրագրված էր, զորքին չեն դիմավորել, իսկ ուղեկցողներն էլ միմյանց պատշաճ չեն փոխանցել այդտեղ կայանելու հրահանգը։ 

Այլ ուղղությամբ նույն նպատակով նույն տեղանքի մոտակայք է ուղեւորվել երկրորդ խումբը՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ, սակայն տեղում գնահատելով, որ բաց դաշտով չունի իրական հնարավորություն՝ քիմիկներին օգնության շտապելու, նահանջի հրաման է տվել։ Կատարվածի համար այժմ Անդրանիկ Մակարյանն ու Արսեն Աբգարյանը մեղադրյալի աթոռին են։ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ (2003թ․ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մաս): Աբգարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, եւ ռազմական դրության պայմաններում վերադաս հրամանատարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 375-րդ հոդվածի 4-րդ մաս, 376-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 16-ին։

 

Մայոր Արմեն Բադեյանի կնոջ ցուցմունքը՝ այստեղ
Վկա Ալեքսանդր Բաբայանի ցուցմունքը՝ այստեղ