Նախատեսվում է 2026-ի հունվարից կինոթատրոններում պարտադիր պահանջ դարձնել ֆիլմերի՝ հայերեն թարգմանությամբ կամ ենթագրերով ցուցադրությունը | 1lurer.am

1lurer.am ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 10-ի նիստին՝ «Լեզվի մասին» օրենքի քննարկման ժամանակ, նկատեց՝ Հայաստանի անկախության հանրաքվեից անցել է 34 տարի, բայց բոլոր կինոթատրոններում կան ֆիլմեր, որոնք ցուցադրվում են ռուսերենով: Ինչպե՞ս պետք է այս հարցը լուծվի:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց՝ 2021 թվականին նախորդ գումարման Ազգային ժողովն ընդունել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, որով այս հարցը կարգավորվել է, բայց պահանջը սահմանվել է 2030 թվականից:

«Կարծում եմ՝ սա շատ ուշ է: Եվ հիմա մենք բերում ենք «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություն, որն առաջիկայում կհասնի Ազգային ժողով, և մենք կկարողանանք դա քննարկել աշնանային նստաշրջանում: Դրանով առաջարկում ենք, որ այդ կարգավորումն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարից, որովհետև, կարծում եմ, դա առանցքային է, և տեխնոլոգիական լուծումներն էլ թույլ են տալիս, որպեսզի, օրինակ, հայերեն ենթագրերով ֆիլմերի հեռարձակումը, որը շատ պարզ լուծում է, և կարող է իրականացվել՝ առանց մեծ ջանքերի, և դառնա օրենսդրական պահանջ»,- ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը խնդրեց մանրամասնել՝ ինչ է նախատեսվում օրենքով, նախարարը պարզաբանեց. «…Որպեսզի ցանկացած կինոթատրոններում, հեռուստաընկերությունների պարագայում որևէ այդպիսի արտադրանք ուղեկցվի հայերեն թարգմանությամբ: Այս պահին օրենսդրական կարգավորումը հնարավորություն է տալիս թե՛ ենթագրայինի, թե՛ ձայնայինի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև