Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները: Երեք թեկնածուներից խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու:

Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, մասնագիտական ձեռքբերումներն ու աշխատանքային ուղին:

Թեկնածու Լուսինե Աբգարյանը նշել է, որ հասկանում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի աշխատանքի առանձնահատկությունը, ինչն առավել արժեւորվում է ներկայում, երբ 2022 թվականի հուլիսի մեկից գործունեության մեջ են ՀՀ քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը: Այդ պայմաններում առավել առաջնային է դարձել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Այս համատեքստում անդրադառնալով հնարավոր մարտահրավերներին՝ թեկնածուն բարձրացրել է քրեական արդարադատություն իրականացնող դատարանների, հատկապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գերծանրաբեռնվածության հարցը:

Ելույթի ավարտին Լուսինե Աբգարյանը նշել է, որ գիտակցում է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում բարձր պատասխանատվությունն ու խորհրդարանի վստահությանն արժանանալու դեպքում, դատավորի երդմանը հավատարիմ, շարունակելու է ջանքեր ներդնել իրավունքի գերակայության, դատական իշխանության հեղինակության ամրապնդման գործում:

Հաջորդ թեկնածուի՝ Նելլի Բաղդասարյանի խոսքով էլ դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման կարեւորագույն նախապայման է ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովումը: Ըստ թեկնածուի՝ Վճռաբեկ դատարանը վերջին տարիների ընթացքում հատկապես ուշադրության առանցքում է պահում ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովումը: Վճռաբեկ դատարանը՝ որպես օրենքի միատեսակ կիրառության ապահովման, մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումների վերացման բացառիկ իրավասությունը կրող մարմին, իր որոշումներով սահմանել է մի շարք չափանիշներ ողջամիտ ժամկետում գործի քննության ապահովման համար:

«Գիտակցելով, որ Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատանքը բարդ, միաժամանակ պատասխանատու աշխատանք է, վստահաբար հայտարարում եմ, որ իմ՝ որպես բացառապես քրեական գործեր քննող դատավորի բազմամյա փորձն արդյունավետ կարող եմ օգտագործել օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո ծագած նախադեպային իրավունքի զարգացման խիստ կարեւոր եւ անհրաժեշտ գործընթացում»,- հայտարարել է Նելլի Բաղդասարյանը:

Թեկնածու Արմեն Դանիելյանը եւս խոսել է Վճռաբեկ դատարանի գործունեության մասին, նշել, որ դատական համակարգում իր անցած ուղին, բազմամյա փորձառությունն իրեն հնարավորություն կտան Վճռաբեկ դատարանում մի կողմից ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, մյուս կողմից ապահովելու մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների արդյունավետ ու ժողովրդավարական հասարակության չափանիշներին բավարարող պաշտպանություն: Թեկնածուն խոսել է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի իրացման կարեւորությունից, հանցագործությունների դեմ պայքարում առկա իրավական կառուցակարգերից եւ ոլորտում առկա այլ խնդիրներից:

Հարցուպատասխանի ու ելույթների ձեւաչափում անդրադարձ է եղել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին, որոշ գործերով ընթացող դատավարություններին, անկախ դատական համակարգի կարեւորությանը, անձի անմեղության կանխավարկածի խախտման հնարավորությանը եւ բնագավառի այլ խնդիրներին:

Հարցի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 11-ի նիստում:

Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորները հարցերով դիմում են ՀՀ վարչապետին եւ Կառավարության անդամներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ