Նոր ուսումնական տարին Նոյեմբերյան համայնքի դպրոցականների համար բարդություններով է սկսվել։ Բանն այն է, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցն այս տարի հիմնահատակ քանդվել է՝ վերակառուցման նպատակով, եւ դպրոցի աշակերտական ու ուսուցչական կազմերը կրթության գործընթացը ժամանակավորապես պիտի կազմակերպեն Նոյեմբերյանի վարժարանի տարածքում։ Նոյեմբերյանի վարժարանի նախատեսված լիցենզիոն հզորությունը 640 աշակերտ է, փաստացի սովորողների քանակը՝ 169։ Հիմա, երբ հիմնական դպրոցի աշակերտները տեղափոխվել են վարժարան, սովորողների ընդհանուր թիվը կազմում է 693։
Առաջին հայացքից թվում է, որ վարժարանը գրեթե ամբողջությամբ ունակ է սպասարկել այս քանակի աշակերտների դասապրոցեսը, մինչդեռ հիմնական դպրոցի աշակերտների ծնողները «Ինֆոքոմին» հայտնել են, որ աշակերտների մի մասը այժմ ստիպված է մի քանի հերթով գնալ դպրոց՝ բավարար քանակի դասասենյակների բացակայության պատճառով։ Այս խնդրի վերաբերյալ կողմերի մեկնաբանությունները տարբեր են։
Հիմնական դպրոցի ծնողական կազմը բարձրաձայնում է հերթային համակարգի խնդրի մասին
Ուսումնական տարվա մեկնարկի առիթով Նոյեմբերյանի վարժարանի շնորհավորական գրառման ներքո հիմնական դպրոցի աշակերտներից մեկի մայրը՝ Սիրանուշ Ամիրաղյանը, ափսոսանք էր հայտնել այն մասին, որ համայնքի ամենամեծ դպրոցը չկարողացավ այնպես կազմակերպել գործընթացը, որ հերթային համակարգ չառաջանա։
«Հիմա հիմնական դպրոցի ողջ աշակերտական եւ ուսուցչական կազմը վարժարանում է տեղակայված, սակայն այս պահին պայմաններն այնպես են տրամադրվել վարժարանի կողմից, որ հիմնական դպրոցի երեխաների մեծ մասը 2-րդ, նույնիսկ 3-րդ հերթով են հաճախում՝ պայմանավորված նրանով, որ այս պահին այնպիսի քանակի լսարաններ չկան, որ բոլորը 1-ին հերթով դպրոց գնան»,- մեր զրույցում նշեց Ամիրաղյանը։ Վերջինս այն կարծիքին է, որ վարժարանն այնքան դասասենյակ ունի, որ հնարավոր է բոլոր աշակերտների համար համարժեք պայմաններ ստեղծել։
Այս խնդրի մասին բարձարձայնելու Ամիրաղյանի նպատակը բոլոր երեխաների կրթության իրավունքի պատշաճ ապահովումն է․ «Ես կդժվարանամ պատասխանել, թե ինչն է հերթային համակարգի առաջացման իրական պատճառը, բայց իրավիճակն այն է, որ [դպրոցի ու վարժարանի տնօրենությունները] իրար մեջ չեն կարողացել պայմանավորվել լսարանների բաշխման հարցով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ աշակերտներն անգամ միջանցքներում են դաս անում, քանի որ 7 կորպուս ունեցող վարժարանը հիմնական դպրոցին 1 կորպուս է տրամադրել այն պարագայում, երբ աշակերտների թվով զգալիորեն զիջում է դպրոցին։
Ամիրաղյանը խնդրի մասին խոսել է նաեւ սոցիալական հարթակում՝ հրապարակելով հիմնական դպրոցի աշակերտների 250 ծնողների ստորագրությամբ դիմումը, որն ուղղված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Դիմումում ասված է, որ համատեղ դասապրոցեսի կազմակերպման համար վարժարանի 7 մասնաշենքերից հիմնական դպրոցի 18 դասարանին՝ 546 աշակերտներով, հատկացվել է մեկ մասնաշենք 8 լսարանով, եւս մեկ մասնաշենք՝ ժամը 15:00-ից հետո օգտագործելու պայմանով: Ըստ ծնողների՝ դասապրոցեսը 2, նույնիսկ 3 հերթով կազմակերպելը հանգեցնում է դժվարությունների։
«Մասնավորապես, համայնքում արտադպրոցական կրթության խմբակները եւ զարգացման կենտրոնները սակավաթիվ են, ժամային գրաֆիկը՝ խիստ սահմանափակ, հիմնականում սպասարկում են ոչ միային քաղաքային Նոյեմբերյան, այլ նաեւ գյուղական բնակավայրերը, եւ երկրորդ հերթափոխով դպրոց հաճախող երեխաները կարող են զրկվել արտադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից»,- նշված է դիմումի տեքստում՝ հավելումով, որ երկու հերթափոխով դասերն ու կարճացված ուսումնական ժամանակահատվածը սահմանափակում են երեխաների շփումը իրենց հասակակիցների հետ։ Նշվում են նաեւ այլ խնդիրներ։
Մեր զրույցում Սիրանուշ Ամիրաղյանը նշեց, որ հիմնական դպրոցի աշակերտների կրթական գործընթացի կազմակերպումն ամբողջությամբ դրված է հիմնական դպրոցի տնօրենության վրա, որը փորձում է ամեն կերպ հարմար պայմաններ ստեղծել դպրոցի աշակերտների համար։
«Ինֆոքոմը» փորձեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանից։ Վերջինս խնդրեց ավելի ուշ զանգել, իսկ հետո զանգերն անպատասխան թողեց։
Վարժարանի տնօրենը նշում է՝ հաստատությունն իրենից հասանելիքը պատշաճ կատարել է
Վարժարանի տնօրենի պաշտոնակատար Նարինե Խեչումյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, թե վարժարանը 440 աշակերտի լիցենզիա ունի, իսկ ժամանակավոր միավորման արդյունքում աշակերտների թիվը 700-ից ավելի է դարձել։ Այս համատեքստում նա չհերքեց 2-րդ հերթի հավանականությունը, սակայն նշեց, որ հիմնական դպրոցի աշակերտների դասապրոցեսի կազմակերպումն իր իրավասության տիրույթում չէ, եւ հիմնական դպրոցն ինքն է որոշելու՝ ինչպես կազմակերպել ընթացքը, ինքն այդ մասին տեղյակ չէ։
Նա նշեց, որ հիմնական դպրոցին առանձին օգտագործման նպատակով տրամադրվել է 8 դասասենյակ, 1 համակարգչային սենյակ, ուսուցչանոց, գրադարան, տնօրենի սենյակ, ուսմասվարի սենյակ, ճաշարան։ Իսկ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության, ՆԶՊ, Արմաթ դասասենյակները, մարզադահլիճը եւ հանդիսությունների մեծ դահլիճը, բուժքրոջ սենյակը, ուսուցչի օգնականի սենյակը, ԿԱԴԱՀ-ի սենյակը տրամադրված են համատեղ օգտագործման՝ որպես կիսվող դասասենյակ։
Ըստ նրա՝ վարժարանին առանձին օգտագործման նպատակով հատկացված է 10 դասասենյակ՝ 5-12-րդ դասարանների համար, 2 դասասենյակ եւ Մեդիագրագիտության սենյակները՝ 10-12-րդ ավագ դասարանների խմբային ուսուցման համար։
Թե ինչու վարժարանի բոլոր լսարանները չեն կարող տրամադրվել 700+ աշակերտի միաժամանակ, տնօրենը պարզաբանեց, որ ավագ դպրոցի աշակերտները խմբային դասեր ունեն, ինչով պայմանավորված պարբերական շարժի մեջ են, լսարան են փոխում՝ կոնկրետ առարկայի դասեր անելու համար, այսինքն՝ այս դեպքում դասարանը նստակյաց չէ, ուսուցիչը չի գալիս սենյակ, այլ հակառակը․
«Վարժարանի ավագ դպրոցում 10-րդ դասարանում ձեւավորված է 7 խումբ,11-րդ դասարանում՝ 7 խումբ, 12-րդ դասարանում՝ 4 խումբ, որոնց մեջ ներառված սովորողները նույն դասաժամին բաժանվում են նպատակային ծրագրով ուսումնական խմբերի, եւ դասապրոցեսն իրականացվում է միաժամանակ (այս տվյալները վարժարանը ներկայացրել է նաեւ հրապարակային)։ [․․․] Մենք [հիմնական դպրոցին] հյուրընկալել ենք բաց սրտով, իրենց խնդիրը փորձել ենք առավելագույնս լուծել։ Մեր կողմից ոչ մի խնդիր չկա, էդ նույնը ես մարզպետի մոտ եմ խոսել, ես ներկայացրել եմ մեր թվային տվյալները, փաստացի ասել եմ, որ 440 աշակերտի տեղ ունենք, մնացածն արդեն իմ տիրույթում չէ»։
Կրթության նախարարության պնդմամբ՝ տրամադրված տարածքն ամբողջությամբ բավարարում է երկու ուսումնական հաստատությունների կրթությունը միահերթ ռեժիմով կազմակերպելուն
«Ինֆոքոմը» պաշտոնական պարզաբանում է խնդրել նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ բարձրացնելով ծնողների մտահոգությունը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ Նոյեմբերյանի վարժարանի տարածքը հնարավորություն է տալիս երկու դպրոցների ժամանակավոր տեղակայման համար՝ որոշ ենթակառուցվածքների համատեղ օգտագործման պայմանով:
Պատասխանում նախարարությունը նշել է, որ երկու դպրոցների համատեղ սովորողների ընդհանուր թիվը 693 է, Նոյեմբերյանի վարժարանի նախատեսված լիցենզիոն հզորությունը 640 է եւ եւս 4 դասասենյակ էլ հատկացվել է դպրոցի հարեւան տարածքի արվեստի դպրոցից՝ ստեղծելով շուրջ 100 աշակերտի տեղակայման հնարավորություն:
«Վերոնշյալից հետևում է, որ տրամադրված տարածքն ամբողջությամբ բավարարում է երկու ուսումնական հաստատությունների կրթությունը միահերթ ռեժիմով կազմակերպելու նպատակով, ինչն էլ կազմակերպվում է»,- նշել են նախարարությունից։
Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունը հարցմանը պատասխանելու դրությամբ (սեպտեմբերի 9) ամբողջությամբ չի տիրապետում դպրոցում ստեղծված իրավիճակին, քանզի ավելի ուշ դպրոցը պաշտոնապես հաստատել է, որ մեկ շաբաթ է՝ աշակերտները հերթային կարգով են հաճախում դպրոց։
ԿԳՄՍ նախարարությունը նաեւ չի տրամադրել մեր՝ հարցմամբ պահանջված այն պաշտոնական փաստաթուղթը, ըստ որի՝ հիմնական դպրոցի աշակերտների կրթության գործընթացը ժամանակավորապես կազմակերպվելու է վարժարանում։ Իսկ այն հարցին, թե արդյոք վարժարանում աշխատանքը եւ դասապրոցեսը կազմակերպելու գործընթացը համակարգել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, պատասխանել է․ «Շինարարական աշխատանքների մեկնարկով պայմանավորված՝ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսումնական գործընթացը ժամանակավորապես Նոյեմբերյանի վարժարանում կազմակերպելու հարցը որոշվել է Տավուշի մարզպետի աշխատակազմի առաջարկով և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախկինում եւս Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի որոշ դասարաններ տեղակայված են եղել վարժարանի շենքում»:
Նախարարությունից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ այլընտրանքներ են դիտարկվել հիմնական դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կազմերի աշխատանքային եւ կրթական գործընթացը կազմակերպելու վայրի վերաբերյալ։ Ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ «ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով առաջին հերթին դիտարկվում են բնակավայրում գործող դպրոցների տարածքները, քանի որ այդ դեպքում հնարավոր է լինում ապահովել կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջական ենթակառուցվածքը»:
Այսօր, արձագանքելով հիմնական դպրոցի աշակերտների ծնողների դիմումին, վարժարանը գրառմամբ հայտարարել է, որ «երրորդ հերթով, անգամ լիարժեք երկրորդ հերթով, վարժարանի տարածքում այս սեպտեմբերի մեկից ի վեր դասեր չեն կազմակերպվել»․
«Չստուգված եւ սխալ տվյալների հիման վրա տարածվել են նաեւ այլ ապատեղեկատվություններ, սակայն ի գիտություն պետք է ընդունել, որ Նոյեմբերյանի վարժարանը մեծ պատրաստակամությամբ եւ պատասխանատվությամբ տրամադրել է հնարավոր բոլոր պայմանները եւ հատկացրել վարժարանի հնարավոր ռեսուրսները՝ Նոյեմբերյանի հիմնական դպրոցի աշակերտների մուտքն առանց արհեստական խոչընդոտների ապահովելու համար։ Նշենք, դեռեւս սեպտեմբերի մեկից արված էր ամենը՝ տարրական դասարանների երեխաների կրթությունը միմիայն միահերթ ռեժիմով կազմակերպելու համար, որն օրենքի պահանջ է, եւ որին պետք է հետեւել։ Օրենքի այս պահանջը բավարարելու համար վարժարանի կողմից չի եղել եւ չկա որեւէ խանգարող հանգամանք։ Հատկացվել են բոլոր անհրաժեշտ տարածքները, ինչպես նաեւ դրանք ձեւափոխելու եւ սենյակների քանակը շատացնելու հնարավորություն։ Հատկացվել է նաեւ երեխաներին տաք սննդով ապահովելու համար անհրաժեշտ ճաշարան եւ բուֆետ։ Ինչպես գիտեք, ՀՀ ամբողջ տարածքում կառուցվում են շուրջ 250 դպրոցներ, եւ նմանատիպ խնդիրներից զերծ մնալու համար կա մշակված հստակ գործողությունների փաթեթ, որին պարտավոր ենք հետեւել բոլորս»։
Վերջում վարժարանը, դիմելով ծնողներին, հայտարարել է․ «Սիրելի՛ ծնողներ, զերծ մնացեք տարբեր նպատակներով արված սադրանքներից եւ ապատեղեկատվությունից, եղե՛ք իրազեկված միայն պաշտոնական աղբյուրներից»։
Այս գրառման մեկնաբանության դաշտում Արաքսի Խաչիկյան անունով օգտատերը դիտարկում է արել՝ «ոչ թե սեպտեմբերի մեկից, այլ սեպտեմբերի 8֊ից երկրորդ հերթ այդ տարածքում չի եղել, քանի որ տարրական դպրոցը 2 հերթով տեղակայված է արվեստի դպրոցում»։
Նոյեմբերյանի հիմնական դպրոցը հայտարարում է՝ մոտ օրերս դպրոցը կանցնի միահերթ ռեժիմի
Նոյեմբերյանի հիմնական դպրոցն էլ վարժարանի հայտարարությունից հետո ֆեյսբուքյան էջում, դիմելով ծնողներին, գրել է, որ թեեւ մինչ այժմն կրթությունը երկհերթ է կազմակերպվել, մոտ օրերս դպրոցը կանցնի միահերթ ռեժիմի․
«Դպրոցի ամբողջ աշխատանքը իրականացվել է բացառապես օրինական եւ կարգավորված ճանապարհով։ Ոչ ոք իրավունք չունի ուղղություն տալ կամ խաթարել այն գործընթացները, որոնք կազմակերպվում են օրենքի եւ պատասխանատվության շրջանակում։ Պայմաններից ելնելով կրթությունը կազմակերպվել է երկհերթ աշխատանքային ռեժիմով, սակայն մոտ օրերս Նոյեմբերյանի հիմնական դպրոցը կանցնի լիարժեք միահերթ ռեժիմի։ Կոչ ենք անում առաջնորդվել միայն պաշտոնական տեղեկատվությամբ եւ աջակցել կրթական գործընթացի բնականոն ընթացքին»,- ասված է գրառման մեջ։
Այսպիսով, մինչ հիմնական դպրոցի աշակերտների ծնողները հրապարակավ պնդում են, որ դպրոցականների կրթության գործընթացը խոչընդոտներով է կազմակերպվում, առաջացել է հերթերով դպրոց գնալու խնդիր, ինչը բացասաբար է ազդում երեխայի լավագույն շահի վրա, եւ երբ հիմնական դպրոցն ու վարժարանը ըստ էության չեն հերքում հերթային մոդելով դասակազմակերպումը, ԿԳՄՍ նախարարությունը պնդում է, որ աշակերտները միահերթ ռեժիմով են գնում դպրոց (բառացի՝ «տրամադրված տարածքն ամբողջությամբ բավարարում է երկու ուսումնական հաստատությունների կրթությունը միահերթ ռեժիմով կազմակերպելու նպատակով, ինչն էլ կազմակերպվում է»)։