Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ առաջնային է մնում հումանիտար հարցերի լուծումը՝ գերիների և պատանդառված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը։
«Ցավոք, չունենք ամբողջական վերջնական հարցի լուծում, թեև նախորդիվ ունեինք, ասենք, նույն ադրբեջանական կողմի հանրահռչակված պարտավորությունը` բոլորին ազատ արձակել։ Նույն եթե երկու երկիր անկեղծորեն ասում են` խաղաղություն ենք հաստատում, երևի արժի առաջինը հումանիտար հարցերը կարգավորել, որովհետև դրանք զգայուն հարցեր են մարդկանց համար, ցավոտ հարցեր են։
Բայց նաև պարտքս եմ համարում ասել, որ ինչպես և նախկինում, այսօր ևս մեր առաջնային ուշադրության առարկան են հումանիտար հարցերը, և հենց առաջին հերթին գերիների ազատ արձակման հարցը, պատանդառված անձանց ազատ արձակման հարցը, անհայտ կորած մարդկանց ճակատագրերի պարզաբանման հարցը:
Հավատացնում եմ Ձեզ, այսօր էլ այդ աշխատանքները, հենց այսօր էլ, շարունակվում են և իհարկե, վաղն էլ չեն դադարելու»,- ասաց նա։