Համայնքային խորհուրդներն ստեղծվում են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից: Սեպտեմբերի սկզբին մեկնարկել է փախստականների համայնքային խորհուրդների ձևավորման գործընթացը։ Այս մասին հայտնում է Փախստականների հարցերով էստոնական խորհուրդը։
«Չորս համայնքային խորհուրդները կգործեն Երևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Դիլիջանում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար լայն աշխարհագրական ծածկույթ:
Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Տաթևիկ Խուդինյանը հանդիպել է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկել խորհուրդների ձևավորման հետագա քայլերը։
«Փախստականների համայնքային խորհուրդները երկար սպասված նախաձեռնություն է, և մենք ուրախ ենք մեկնարկել Համայնքային խորհուրդների (ՀԽ) գործունեությունը Հայաստանում։ Մենք հույս ունենք, որ ՀԽ-ները կունենան երկարաժամկետ դրական ազդեցություն ինչպես փախստականների, այնպես էլ ընդունող համայնքների վրա»,- նշել է Տաթևիկ Խուդինյանը։
Համայնքային խորհուրդների հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ապահովել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և ռեսուրսներով՝ իրենց առջև ծառացած մարտահրավերներն ինքնուրույն հասցեագրելու, իրենց շահերն արդյունավետորեն ներկայացնելու և իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալու համար։
Համայնքային խորհուրդները կգործարկվեն հետևալ կառույցների կողմից․ Երևանում՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Գյումրիում՝ «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն» ՀԿ, Եղեգնաձորում՝ «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ և Դիլիջանում՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։
«ՀՀ հարավային մարզերը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջին կանգառներն էին։ Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց կարող են բախվել տեղահանված մարդիկ։» – նշել է Աշխատանք և հայրնեիք տարածքային զարգացման ՀԿ նախագահ Ռուզան Ղազարյանը։ Դիլիջանի գործընկեր կազմակերպությունից հավելում են՝ ՀԽ- ների ստեղծումը հնարավորություն է ընձեռում հզորացնել փախստականներին՝ վեր հանել իրենց կարիքներն ու պաշտպանել իրավունքները, դառնալով կամուրջ տեղահանված անձանց, պետական և հասարակական կառույցների միջև։
Համայնքային խորհուրդները կազմակերպելու են ամսական հանդիպումներ, որոնց ընթացքում ընտրված անդամները կքննարկեն փախստականների խնդիրներն ու կարիքները, կներկայացնեն խնդիրների լուծման տարբերակներ։ Անդամակցությունը ՀԽ-ներին կամավոր հիմունքներով է, ինչը տեղական ժողովրդավարությունը խթանելու և փախստականների ձայները լսելու դարձնելու արդյունավետ եղանակ է:
«Տեղահանվածների ներգրավվածությունը իրենց վերաբերող խնդիրների հասցեագրման հարցում խիստ կարևոր է, և այս առումով միջազգային աջակցությամբ համայնքային խորհուրդների ձևավորումը անհրաժեշտ և ողջունելի քայլ է, այն իրական հնարավորություն է տեղահանվածների համար քննարկելու տարաբնույթ հարցեր և առաջարկներ ներկայացնելու որոշում կայացնող անձանց և կառույցներին»։ – նշել է Արտակ Բեգլարյանը, «Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության միություն» կազմակերպության նախագահը:
Ամսական հանդիպումներից բացի, ըստ անհրաժեշտության, նախատեսվում են կարողությունների զարգացման հանդիպումներ, թեմատիկ դասընթացներ և խորհրդատվություն, որոնք կնպաստեն բարձրացված խնդիրների լուծումների առավել հասցեական և փաստահեն ձևակերպմանը։
«Մեր կազմակերպության փորձը՝ տեղահանված ընտանիքներին հոգեբանական և սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ, թույլ է տալիս վերջիններիս առավել ակտիվ ներգրավվել այս գործընթացում։ Մենք կարևորում ենք այս նախաձեռնությունը, քանի որ այն հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել տեղահանված անձանց կարողությունները, այլ նաև խթանել սեփական իրավունքների իրացումն ու քաղաքացիական ակտիվ գիտակցության ձևավորումը՝ ի նպաստ համայնքահեն նախաձեռնությունների իրականացման։»,- նշել է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ի տնօրեն Քրիստինա Բաղդասարյանը։
Յուրաքանչյուր խորհուրդ ունի նաև ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն, որը նախատեսված է տարբեր նախաձեռնություններ իրականացնելու և համայնքային խնդիրները հասցեագրելու համար։ Խորհուրդները գործելու են երկու տարի ժամկետով, անդամակցությունը կամավոր է և նախատեսված է մեկ տարվա համար, իսկ գործունեությունը պետք է իրականացվի քաղաքական չեզոք սկզբունքով։
Ծրագիրը հոգում է նաև ճանապարհածախսի փոխհատուցումը, ինչի շնորհիվ հնարավոր է մասնակցել հանդիպումներին նաև այն դեպքում, երբ մասնակիցները բնակվում են նշված համայնքներից դուրս։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով»։