789 քաղաքացու անհուսալի վարկ արդեն մարվել է. լրացուցիչ միջոցներ կհատկացվեն ծրագրի շարունակության համար | 1lurer.am

1lurer.am Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը 2025 թվականի օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների համար ապահովելու նպատակով ֆինանսական միջոցներ կհատկացվեն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի՝ սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառու է դարձել 5715 անձ, որոնցից 789-ի վարկերն արդեն ամբողջությամբ մարվել են:

«Վերլուծությամբ պարզվել է, որ շահառուներից 1532-ը կամ 27 տոկոսը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, այսինքն՝ նոր են աշխատանք ձեռք բերել:

Հատկանշական է, որ 1 շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ (համախառն աշխատավարձի մասին է խոսքը), այնինչ միջոցառման մեկնարկից առաջ ֆորմալ զբաղված պոտենցիալ շահառուների միջին ամսական աշխատավարձը շուրջ 145 հազար դրամ էր, այսինքն՝ դիտվել է աճ միջին թվի համեմատությամբ 56 հազար դրամ կամ 36 տոկոսի շրջանակներում: Սա էլ կարող է ենթադրել ստվերից դուրս գալու մասին: Այն մարդիկ, որոնք ունեին աշխատավարձ, նրանց աշխատավարձը բարձրացել է: Ամբողջությամբ վարկը մարած 789 շահառուների վարկերի մարման համար արդեն հատկացվել է 156 մլն դրամ»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ այսօր ծրագիրը շարունակելու պահանջ կա: 540 շահառու դուրս է մնացել ծրագրից, քանի որ չի բավարարել ընթացիկ պահանջները մինիմալ աշխատավարձի մասով: Ակտիվ շահառուները, որոնք այս պահին օգտվում են ծրագրից, 4381 են:

«Մենք փաստացի արդեն՝ այս որոշումը ներառյալ, մոտ 1 մլրդ դրամ ենք հատկացնում ծրագրին: Հատկանշական է այն, որ նախորդող 6 ամիսներին ծախսվել է 500 մլն դրամ, և այս 3 ամիսներին՝ կրկին 525 մլն դրամ, այսինքն՝ նաև աճի տեմպ ենք տեսնում՝ մոտավորապես կրկնակի:

Ինչ խոսք, հաշվի առնելով, որ շահառուների թիվը 2018 անձ էր, մենք չենք կարող ասել, որ ծրագիրը հասել է իր նպատակներին՝ ունենալով այսպիսի փոքր թվեր, և ես, առիթն օգտագործելով, պետք է խնդրեմ նաև մեր գործընկերների աջակցությունը բանկային սեկտորից, որովհետև այս քաղաքացիների անհատական տվյալները մենք չունենք, մենք միայն ունենք հանրային ծառայության համարանիշները, և չենք կարող պրոակտիվ կերպով յուրաքանչյուրին տեղեկացնել ծրագրի մանրամասների մասին: Միայն հանրային իրազեկման միջոցով կարող ենք անել, ինչն արել ենք և կակտիվացնենք:

Բայց եթե բանկերը պրոակտիվ կերպով, ճանաչելով իրենց հաճախորդներին, որոնք իրենց մոտ ունեցել են վարկեր կամ հիմա էլ ունեն հաշիվներ, մոտենան նրանց թե՛ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, թե՛ զանգով, թե՛ հրավերով, մենք կկարողանանք ակտիվացնել այս միջոցառումը»,- ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը կարևոր է շահառուների վարկային պատմությունը մաքրելու, նրանց ավելի վարկունակ դարձնելու, ինչպես նաև ֆորմալ զբաղվածությամբ ապահովելու տեսանկյունից:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը արձագանքեց՝ հանրային պասիվությունը հասկանալու համար հնարավոր է՝ ավելի խորքային վերլուծության կարիք լինի, քանի որ բանկերին այս ծրագիրը շահավետ է: Նա նաև նշեց, որ այսօր 218 հազար քաղաքացի կա, որոնց մասով հայտնի չէ՝ նրանք Հայաստանո՞ւմ են, թե՞ չէ:

ԱՍՀ նախարարը հիշեցրեց՝ ծրագրի մեկնարկին պոտենցիալ շահառու էր 43,600 քաղաքացի, որոնք ունեն ֆորմալ զբաղվածություն, այսինքն՝ մարդիկ, որ աշխատում են և կարող են դառնալ ծրագրի շահառու, և եթե դիմեն ծրագրին, ապա նրանց եկամտահարկը կարող է փակել անհուսալի վարկը, բայց նրանք չեն դիմում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ բանաձև է պետք մշակել, թե ինչպես պետք է գտնել պոտենցիալ շահառուներին, ինչպես պետք է գտնել և ակտիվացնել նրանց: Նա նաև հանձնարարեց պարբերաբար վերադառնալ հարցին և քննարկել արդյունքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև