Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Զեկուցողի խոսքով հաղորդումը ներառում է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով գրանցած արդյունքները, վիճակագրական ցուցանիշները, ոլորտային մարտահրավերները, ինչպես նաև եզրահանգումների հիման վրա նախանշված ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:
Հաղորդմամբ անդրադարձ է կատարվում հանրային ծառայության բարեվարքության համակարգի կայացմանն ու ամրապնդմանը, գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարատուների համար գործընթացն առավել դյուրին դարձնելուն ուղղված միջոցառումներին, հայտարարագրերի վերլուծությանը, կուսակցության ֆինանսական վերահսկողության գործառույթի գործնականում կիրառմանը և արձանագրած արդյունքներին, բարեվարքության ուսումնասիրության գործիքի միջոցով բարեվարքության տեսանկյունից ռիսկային անձանց մուտքը պետական համակարգ կանխելուն ուղղված քայլերին և այդ ուղղությամբ արձանագրված հիմնական միտումներին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման ինստիտուտի ներդրման առնչությամբ նախապատրաստական միջոցառումների իրականացմանը, հակակոռուպցիոն կրթության իրականացմանն ու հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված քայլերին, հանձնաժողովի մանդատի ամբողջական թվայնացման տեսլականին և այդ ուղղությամբ արձանագրած արդյունքներին, կոռուպցիայի կանխարգելման շրջանակում միջազգային համագործակցության կարևորությանը:
Մարիամ Գալստյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: