civilnet.am Ազգային անվտանգության ծառայությունն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության նոր դեպք է բացահայտել։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց նաև Քննչական կոմիտեն։
«Քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (սպանության նախապատրաստությունը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, մի խումբ անձանց կողմից, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը)»,- հայտնում է ՔԿ-ն՝ հավելելով, որ այդ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ ԱԱԾ-ն սեպտեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ 52-ամյա Ա. Ս.-ն, դժգոհ լինելով ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից, մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, նախապատրաստել է զավթել իշխանությունը։
Նշվում է, որ նա, չհամակերպվելով 44-օրյա պատերազմում որդու կորստի հետ, մի խումբ անձանց հետ, ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով, 2025-ի ընթացքում նախապատրաստել է ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանությունը, սակայն չի կարողացել իրականացնել հանցագործությունը։