Սեպտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գիտության կոմիտեի բարձր տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար Հաո Յուեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը, ոլորտային օրենսդրական բարեփոխումները և ստարտափ միջավայրի խթանման նախաձեռնությունները։
Հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը հատուկ անդրադարձ է կատարել պետություն-մասնավոր գործընկերության հիման վրա իրականացվող «Ինժեներական քաղաք» ռազմավարական ծրագրին։ Նա առանձնացրել է նախարարության առաջնահերթություններն՝ ընդգծելով նորարարական լուծումների խրախուսումը, չիպերի նախագծման, նույնականացման և թեստավորման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների (R&D) իրականացումը՝ որպես ոլորտի մրցունակության բարձրացման կարևոր գործոններ։
Կողմերը քննարկել են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Քսիդիանի համալսարանի միջև համատեղ կրթական ծրագրերի հնարավորությունները, մասնավորապես` միկրոէլեկտրոնիկայի ոլորտում։
Անդրադարձ է կատարվել նաև ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրերին, համատեղ հետազոտական նախագծերի իրականացմանը, ինչպես նաև գիտակրթական ներուժի փոխանակման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին երկուստեք նախանշվել են այն ուղղությունները, որոնց շրջանակում նախատեսվում է մշակել ծրագրեր և իրականացնել համատեղ նախաձեռնություններ։