Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ստորագրել է որոշում, որով համաձայնություն է տվել երկրում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի տեղակայմանը, հայտնել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն սեպտեմբերի 14-ին, փոխանցում է Meduza-ն։
Նախագահը թույլատրել է զորքերի տեղակայումը ՆԱՏՕ-ի «Արևելյան պահապան» (Eastern sentry) գործողության շրջանակում, որը իրականացվում է Եվրոպայի արևելյան թևի պաշտպանության ամրապնդման համար։
Ազգային անվտանգության բյուրոն նշել է, որ նախագահի որոշումը փակ բնույթ է կրում։
Հիշեցնենք՝ «Արևելյան պահապան» գործողությունը սկսվել է սեպտեմբերի 12-ին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ դաշինքը սկսել է այս առաքելությունը Ռուսաստանի գործողություններին ի պատասխան․ սեպտեմբերի 10-ին մոտ 20 ռուսական անօդաչու խախտել էր Լեհաստանի օդային տարածքը, որոնցից մի մասը խոցվել էր օդ բարձրացված կործանիչների կողմից։ Այդ ժամանակ ռուսական դրոնները առաջին անգամ էին խոցվում ՆԱՏՕ-ի տարածքում։