ՀՀ կառավարության 2025թ. սեպտեմբերի 11-ի N 1299-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական սահմանը հատելու վերաբերյալ անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում արվող նշումներում, մասնավորապես՝ փոփոխվել են կնիքի չափսերը, և հանվել է պատկերված Արարատ լեռը:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2025թ. նոյեմբերի 1-ից:
Ըստ հիմնավորման՝ փոփոխություններն արվում են «նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության և ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով»:
Անդրադառնալով թեմային ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է, թե «Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, մենք արշավ ենք սկսել լեռան դեմ՝ այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից»՝ հիշեցնելով հայկական կողմի պնդումները, որ «նախապայմաններ չկան»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ պարզաբանում է տարածել լայն քննարկումների առիթ դարձած որոշման վերաբերյալ՝ նշելով, թե աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում. «Նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում»:
«Որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»,- գրել է Թորոսյանը՝ տեղադրելով որոշումով սահմանված կնիքների նոր ձևերը։