Ադրբեջանական APA-ն, հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը, երեկ հաղորդել է, որ Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել:
Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ Ավանեսյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, երբ «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել: Պատասխան կրակի հետևանքով նա հրազենային վնասվածք է ստացել և ձերբակալվել»: Աղբյուրը հաղորդում է նաև, որ ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել:
Նշենք, որ երեկ Արցախ էր այցելել Ադրբեջանի նախագահը, ներկա եղել համալսարանի ուսումնական մասնաշենքերից մեկի բացմանը, հանդիպել բնակիչների հետ:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառալով դեպքին, հայտարարել է, որ այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որն արտահայտվում է թշնամության և վիրավորանքի էլեմենտներով:
Նրա խոսքով «սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանությունների հորդորներին՝ մնային ու ապրեին Արցախում՝ ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում»:
«Դժվար է ասել, թե իրականում ինչ է եղել, սակայն Ադրբեջանում 2023 թվականից հետո մնացած շուրջ 5 տասնյակ հայերի թիվն այս ընթացքում նվազել է, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տասնյակի շրջանակներում է:
Մի մասը ՀՀ են եկել, կա նաև մահացության դեպքեր: Սոցիալական մեդիայի ադրբեջանական հատվածում հաճախ է նկատելի Ստեփանակերտում գտնվող հայերի նկատմամբ ծաղր ու վիրավորանք արտահայտող տեսանյութեր ու չի բացառվում, որ հենց այսպիսի իրավիճակներից մեկն էլ բերել է նման միջադեպի»,- գրել է Աբրահամյանը: