Խաղաղության օրակարգը ժողովրդի կողմից հանձնարարված քաղաքականություն է, դա է պատճառը, որ սոցիալիզացիայի կարիք չունի. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am Ես խաղաղության սոցիալիզացիայի մասին չեմ խոսում, որովհետև կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդն է խաղաղության հայեցակարգի հեղինակը, այսինքն՝ ես կարիք չունեմ Հովհաննես Թումանյանին բացատրելու իր ստեղծագործության բովանդակությունը: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ժողովուրդն է խաղաղության օրակարգի հեղինակը: Ապացո՞ւյց է պետք ձեզ դրա համար: Ահա՛ և ապացույց՝ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ: Ավելի մեծ ապացույց չկա:

Ինչո՞ւ եմ այստեղ որպես ՀՀ վարչապետ: Եթե քաղաքական վերնախավի և մասամբ մտավորական վերնախավի շրջանում հարցում անցկացնենք, բավականին յուղոտ տոկոս կստանաք, որ ես չպետք է լինեմ ՀՀ վարչապետ, և նույնիսկ սրա համար եղել են ջանքեր, կոչեր, հավաքներ, հիբրիդներ և այսպես շարունակ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչի՛ հաշվին է կայուն ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե պատճառն այն է, որ կառավարող մեծամասնությունը քաղաքական է դարձնում այն բովանդակությունը, որը բխում է ժողովրդից:

«Սա հաջորդ շրջադարձային կետն է մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում, որովհետև մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում բանաձևը եղել է հետևյալը՝ էլիտաները ստեղծել են խոսույթներ և պարտադրել են ժողովրդին: Հիմա իրավիճակը բոլորովին ուրիշ է. քաղաքական վերնախավը, կառավարող մեծամասնությունը քաղաքական է դարձնում այն բովանդակությունը, որը բխում է ժողովրդից»,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը եզրակացրեց. «Խաղաղութան օրակարգը ժողովրդի կողմից ավանդված, հանձնարարված քաղաքականություն է, և դա է պատճառը, որ, մեծ հաշվով, սոցիալիզացիայի կարիք չունի, որովհետև դեռ չձևակերպված՝ արդեն սոցիալիզացված է: Բայց, իհարկե, սա չի նշանակում, որ երկխոսություն պետք է տեղի չունենա: Երկխոսությունն այլ ժանրով է տեղի ունենում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև