Օգոստոսի 8-ը համապարփակ փոխեց ՀՀ-ի անվտանգային միջավայրը. Արմեն Գրիգորյան | news.am

news.am Համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի առանձնահատկությունը և ձևավորող հիմնական գործոնը եղել է մեր շուրջ ձևավորված անվտանգային համակարգը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր խոսքում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ինչպես վարչապետը նշեց, մենք տեսնում էինք, որ այն անվտանգության համակարգը, որի վրա մենք մեծ հույս էինք դրել, առնվազն մինչև 2020 թվականի պատերազմի վերջը և դրան հետևած ժամանակահատվածում, կենսունակություն ցույց չի տվել և մեզ այլընտրանքային գաղափարախոսություն էր անհրաժեշտ կամ անվտանգության նոր ճարտարապետության մասին մտածողության կամ որոնումների ճանապարհ անցնելու անհրաժեշտություն էր առաջացել, որպեսզի մենք սկսենք մտածել։

Դա ավելի շատ հանրային քննարկման արդյունք է եղել, մենք տեսել ենք, որ հանրությունում ինտենսիվ քննարկում կա համապարփակ անվտանգության գաղափարի կամ ռազմավարության շուրջ, և մենք արձագանքել ենք հանրային պահանջին։

Ինչ վերաբերում է անվտանգության նոր ռազմավարությանը, մի հետաքրքիր հանգամանք է տեղի ունեցել. երբ մենք հասանք օգոստոս, որպեսզի տեքստը սկսենք վերջնականացնել, տեղի ունեցավ օգոստոսի 8-ը, և կարելի է ասել օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխել է մեր անվտանգային միջավայրը»,– հայտարարեց Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով իր վերջին այցերի ընթացքում գործընկերների հետ քննարկել է նաև, թե իրենց մոտ ինչպիսին են փաստաթղթավորված ռազմավարություններ ունենալու մոտեցումները. «Երկրները տարբեր են, իրենց փորձը տարբեր է, բայց բոլորի մոտ մի ընդհանուր գիծ կա, որ միջավայրը այնպիսի արագությամբ է փոխվում, որ այլևս դժվարանում է ռազմավարությունը ունենալը։ Իհարկե, կարևոր է ազգային անվտանգության ռազմավարություն ունենալը, դա ձևավորելը, քանի որ դա կարողություններ է ձևավորում։ 2021 թվականի ընտրություններից հետո որոշում կայացրեցինք, որ պետք է հնարավորինս արագ ունենալ նոր ազգային անվտանգության ռազմավարություն, բայց մեր շուրջ անվտանգության միջավայրը այնքան արագ էր փոխվում, որ մենք անընդհատ հետաձգում էին ռազմավարություն ունենալը։ 2025 թվականի սկզբներին մեր շուրջ միջավայրը շարունակում էր փոխվել, բայց մեր քաղաքականություններում հստակեցումներ մտցվեց և մենք որոշեցինք ռազմավարություն ունենալ։ Մինչև մենք հասանք գրեթե տեքստը վերջնականացնելուն, տեղի ունեցավ օգոստոսի 8-ը, որը ամբողջովին փոխեց միջավայրը։ Դա արդեն ընդհանրապես ռազմավարություն ունենալու հարցն է սեղանին գնում, և մենք պետք է քննարկենք այս հարցը»,– ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև