Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները «Միթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան, Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Փորձաքննությամբ փաստվել է, որ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր:
Վերահսկող մարմնի որոշմամբ՝
• մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է,
• հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով ամրագրված նորմերին,
• տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,
• սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: